Տեսչական մարմին. Ներկայում նաև 24-ժամյա կասեցման որոշումներ են կայացվում
ՀՀ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության (մասնաճյուղի) գործունեություն՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։
Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ կասեցման որոշումներն առավելապես կայացվել են առևտրի կենտրոնների հանդեպ։ Արձանագրված խախտումների վերացման նպատակով նման որոշում կայացվել է նաև շինարարական, հանքարդյունաբերական, արտադրական, հացաթխման, ճանապարհաշինական և մի շարք այլ կազմակերպությունների հանդեպ։
6 ժամի փոխարեն ներկայում նաև 24-ժամյա կասեցման որոշումներ են կայացվում։
Ըստ տեսչական մարմնի, մշտադիտարկում իրականացվել է բոլոր այն ոլորտներում, որոնցում արտակարգ դրության պայմաններում եղել է գործելու թույլտվություն։ Զննումներն առաջնահերթորեն իրականացվել են այն կազմակերպություններում, որոնցում խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով և մամուլի միջոցով ստացվել են ահազանգեր խախտումների վերաբերյալ։
Մարտի 23-ից մշտադիտարկվել է շուրջ 620 կազմակերպություն, որոնցից 395-ում արձանագրվել են ուղեցույցի պահանջի խախտումներ, 180-ում խախտումներ չեն արձանագրվել:
Զննումներին և մշտադիտարկումներին նախորդել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ Պարետի 20.03.2020թ. № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջների մասին։