«Հին Երևան»-ի խախտումներով շինարարության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
2020թ. մարտի 6-ին «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան» վերտառությամբ հոդված, համաձայն որի քաղաքային իշխանությունների թողտվությամբ 1 տարի շարունակ «Հին Երևան»-ի կառուցապատումն իրականացվում է առանց համապատասխան թույլտվության:
Հոդվածում ՀՀ մեկ այլ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքի, մեղսագրվող արարքի հետ համեմատությամբ դատողություններ են արվել քրեական հետապնդման գործառույթի ընտրանքային իրականացման վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում հրապարակումն առանձնացվելուց հետո Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում սկսվել է ուսումնասիրություն:
Այդ շրջանակում Երևանի քաղաքապետարանից պահանջվել և ստացվել են «Հին Երևան»-ի կառուցապատմանն առնչվող փաստաթղթերը՝ Երևանի քաղաքապետի որոշումները, քաղաքապետի որոշման հիման վրա թողարկված գլխավոր հատակագծերը, շինարարական աշխատանքների հաստատված նախագծերի և շինթույլտվությունների վերաբերյալ փաստաթղթերը:
Ըստ աղբյուրի, ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 29.08.2013թ. որոշմամբ Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» համալիրի նախագծի իրականացման նպատակով: Ըստ ստացված փաստաթղթերի՝ սկսած 2015թ. սեպտեմբերից մինչև 2019թ. դեկտեմբեր Երևան համայնքի կողմից 4 ընկերությունների տրվել են համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, որոնք համաձայնեցվել են իրավասու մարմնի և օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ: Իսկ 2016-ից 2019թթ. այդ ընկերություններից 3-ին տրվել են շինթույլտվություներ, որոնց նախագծերը համաձայնեցված են ՀՀ մշակույթի նախարարության, օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շինթույլտվություն ստացած ընկերություններից մեկը համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի համար Երևանի քաղաքապետարանի կողմից ենթարկվել է կրկնակի վարչական տույժի: Նկատի ունենալով, որ ընկերությունը կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում շարունակել է նախագծի խախտումներով իրականացվող շինարարությունը, դեռևս նշված հոդվածի հրապարակումից առաջ Երևանի քաղաքապետը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Այդ հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ, ինչի արդյոնքում ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:
«Այսինքն դատախազության ուսումնասիրությամբ «Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին