2020թ-ին ՀՆԱ-ի իրական ծավալը Հայաստանում կկրճատվի 3.9%-ով, իսկ 12-ամսյա գնաճը կկազմի 1.8%
Ապրիլի 15-22-ը ACSES վերլուծական կենտրոնը տնտեսագետների շրջանում իրականացրել է «Առանցքային տնտեսական ցուցանիշների կոնսենսուսային կանխատեսման և Covid-19-ի հակազդման պետական աջակցության ծրագրերի գնահատման» փորձագիտական հարցում, որին մասնակցել է 16 տնտեսագետ։ Այս մասին տեղեկացնում է ACSES վերլուծական կենտրոնը:
Փորձագիտական հարցման մասնակից տնտեսագետներից յուրաքանչյուրն առանձին կանխատեսել է 2020թ-ին ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխությունը, 12-ամսյա գնաճը (գնանկումը), դրամ/դոլար միջին փոխարժեքը 2020թ-ի դեկտեմբերին, ինչպես նաև գնահատել է Covid-19-ի հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի սոցիալական և տնետսական բաղադրիչների արդյունավետությունը և դիրքորոշում է հայտնել տնտեսական աջակցության առանձին մեխանիզմների վերաբերյալ։
Ըստ կոնսեսուսային կանխատեսման՝ 2020թ-ին ՀՆԱ-ի իրական ծավալը Հայաստանում կկրճատվի 3.9%-ով, ինչն ավելի ցածր է, քան մինչ այժմ հրապարակված ՀՀ կենտրանական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, միջազգային ֆինանսական կառույցների և վարկանշային գործակալությունների վերջին կանխատեսումները։
Միևնույն ժամանակ, փորձագետները կանխատեսում են, որ 12-ամսյա գնաճը կկազմի 1.8%, ինչը թեև ավելի բարձր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, սակայն ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4% +/- 1.5%-ային կետ)։
Բացի այդ, ըստ փորձագիտական կարծիքի, սպասվում է նաև դրամի արժեզրկում դոլարի նկատմամբ․ 2020թ-ի դեկտեմբերին դրամ/դոլարի միջին փոխարժեքը կլինի 499` 4.3%-ով ավելի, քան 2019թ-ի դեկտեմբերի ցուցանիշը։
Անդրադառնալով Covid-19-ի հակազդման պետական աջակցությանը՝ փորձագետների կոնսենսուսային գնահատմամբ 2020թ-ին Հայաստանում պետական աջակցության ծրագրերի չափը պետք է լինի մոտ 395 մլրդ դրամ, ինչը թույլ կտա հնարավորինս մեղմել տնտեսական և սոցիալական հետևանքները։ Փորձագետները նաև գնահատել են հրապարակված պետական աջակցության ծրագրերի սոցիալական և տնտեսական բաղադրիչների արդյունավետությունը, ընդ որում՝ 5 բալանոց սանդղակում սոցիալական բաղադրիչի միջին գնահատականը կազմել է 3.1, իսկ տնտեսական բաղադրիչինը՝ 2.5: Այլ կերպ ասած, պետական աջակցության ծրագրերը ավելի արդյունավետ են ամբողջական պահանջարկը խթանելու առումով (սոցիալական ծրագրեր), քան ամբողջական առաջարկը (տնտեսական ծրագրեր)։
Փորձագետներին առաջարկվել է նաև դիրքորոշում հայտնել տնտեսական աջակցության հետևյալ մեխանիզմների վերաբերյալ՝
• տնտեսական գործունեության առավել տուժած տեսակների համար որոշ հարկատեսակների դրույքաչափերի նվազեցում կամ զրոյացում,
• տնտեսության առանձին ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար հարկերի վճարման հետաձգում,
• առանց միջնորդների՝ հետվերադարձի պայմանով, փոխառություն տրամադրում առանձին տնտեսավարող սուբյեկտների,
• բաժնեմասնակցության սկզբունքով նոր ձեռնարկությունների հիմնադրմանը մասնակցություն,
• նոր կապիտալ ներդրումների համար ամորտիզացիայի ավելի կարճ ժամկետների սահմանում։
Նշված մեխանիզմներից փորձագետները ամենաշատը հավանություն են տվել
• տնտեսության առանձին ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար հարկերի վճարման հետաձգմանը
• բաժնեմասնակցության սկզբունքով նոր ձեռնարկությունների հիմնադրման մասնակցությանը։