Ս. Գրիգորյան . Գույքի ոչ իրավաչափ էքսպրոպրիացիա թե՞ օրինական բռնագանձում
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման, դրա խնդրահարույց կարգավորումների մասին հարցազրույց GPARTNERS իրավաբանական գրասենյակի ղեկավար Սարգիս Գրիգորյանի հետ։
Հարց-Ինչպես գիտենք, սույն թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ի՞նչ նպատակներ է իրականում հետապնդում նշված օրենքի ընդունումն ըստ Ձեզ:
Պատասխան-Ըստ պաշտոնական դիրքորոշման՝ այս Օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Ենթադրվում է, որ նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալու բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Ենթադրվում է նաև, որ այս Օրենքը պետք է նպատակ հետապնդի որդեգրելու միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Սակայն, ուսումնասիրելով Օրենքը՝ հասկանում ենք, որ սրանք զուտ ենթադրություններ են: Ակնհայտ է, որ նման օրենքը կարող է չարաշահումների տեղիք տալ, և որպես գործիք ծառայել օրվա իշխանություններին ոչ հաճո անձանց դեմ՝ հատկապես հաշվի առնելով Օրենքում անձի համար նախատեսված պաշտպանության միջոցների, երաշխիքների իսպառ բացակայությունը:
Հարց-Արդյո՞ք Օրենքն իսկապես արտացոլում է այլ երկրների փորձը և համահունչ է միջազգային սկզբունքների հետ:
Պատասխան-Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը համակարգելու նպատակով Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ 2009 թվականին մշակվել է համապարփակ ուղեցույց, որտեղ ամրագրված են այս ինստիտուտի հիմնական սկզբունքները, մոտեցումները, ուշադրության արժանի այլ իրավակարգավորումներ: Նշված ինսստիտուտի ներդրումը պայմանավորված է նաև մի շարք միջազգային իրավական փատաթղթերով («Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ այքարի մասին» ՄԱԿ-ի 1988թ. կոնվենցիա (Վիեննայի կոնվենցիա), Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» Եվրախորհրդի 1990թ. կոնվենցիա (Ստրասբուրգի կոնվենցիա), «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի 1999թ. կոնվենցիա (Նյու-Յորքի կոնվենցիա), «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի 2000թ. կոնվենցիա (Պալերմոյի կոնվենցիա), «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրախորհրդի 2005թ. կոնվենցիա (Վարշավայի կոնվենցիա) և այլն):
Սակայն, ուսումնասիրելով վերոնշյալ ուղեցույցը, դատական պրակտիկան, ՄԻԵԴ-ի մեկնաբանությունները՝ պարզ է դառնում, որ այս Օրենքն առնվազն չի արտացոլում միջազգային լավագույն փորձը, և դրանում տեղ գտած մի շարք կարգավորումներ չափազանց խնդրահարույց են: Գույքի բռնագանձման՝ քրեական և քաղաքացիական վարույթների տարանջատման գաղափարն, իհարկե, նոր չէ միջազգային պրակտիկայում, այն լայն կիրառում ունի և չի հակասում միջազգային սկզբունքներին։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական վարույթի շրջանակներում անձի պաշտպանության մեխանիզմներն առավել լայն դրսևորում են ստանում՝ անհրաժեշտ է անձին տրամադրել բավարար երաշխիքներ նաև քաղաքացիական վարույթի շրջանակներում: Հակառակ պարագայում ստացվում է, որ պետության կողմից նման այս վարույթների բաժանումն արվել ի վնաս քաղաքացու: Ստացվում է, որ գույքի բռնագանձումը քաղաքացիական վարույթի միջոցով ընդամենը նպատակ է հետապնդում հեշտացնելու պետության գործը, և առավել հեշտ ճանապարհով հասնելու գույքի բռնագանձմանը:
Հարց-Ի՞նչ խնդրահարույց կարգավորումներ կարող եք վկայակոչել, որոնք առկա են օրենքում:
Պատասխան-Օրենքով սահմանվում է, որ գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում առկա է նախնական փուլ, որն անվանվել է ուսումնասիրություն: Այս փուլում վարույթ իրականացնողն, ըստ էության, իրականացնում է ֆինանսական հետաքննություն: Սակայն, ի տարբերություն քրեական վարույթի, որի շրջանակներում անձն ունի պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորություն և առնվազն իր հանդեպ տեղի ունեցող գործողությունների մասին տեղեկացված լինելու հնարավորություն, գույքի քաղաքացիական բռնագանձման վարույթի շրջանակներում անձն առհասարակ տեղեկացված չէ, որ վերջինիս նկատմամբ իրականացվում է ուսումնասիրություն: Ընդ որում, չափազանց խնդրահարույց է այստեղ այն, որ ուսումնասիրության ժամկետը չափազանց երկար կարող է լինել: Ուսումնասիրությունը կարող է տևել մի քանի տարի, և այդ ողջ ընթացքում անձը նույնիսկ չիմանա, որ իր եկամուտներն ուսումնասիրության առարկա են:
Բացի այդ, համաձայն Օրենքի կարգավորումների՝ ապօրինի գույքն ուղղվում է պետական բյուջե, իսկ եթե առկա են անձինք, որոնց իրավունքները խախտվել են ապօրինի գույքի ձեռքբերմամբ, և որոնք ունեն իրավունքներ համապատասխան գույքի նկատմամբ, ապա գույքը վերադարձվում է այդ անձանց։ Արդյունքում, ստացվում է, որ գույքը պետական բյուջե ուղղվելուց հետո հասկանալի չէ, թե ինչպես և ում կողմից այն պետք է կառավարվի։ Գողացված գույքերը ժողովրդին վերադարձնելու սոուսի տակ պետությունը, փաստորեն, հրամցնում է մի օրենք, որով որոշակի և հստակ կերպով նույնիսկ նախատեսված չէ վերադարձված գույքի ճակատագիրը: Իսկ ինչպես ցույց է տվել փորձը, պետությունը գույք վերադարձնելու հետո հաճախ չի կարողանում օպտիմալ կերպով կառավարել այդ գույքը, ինչն էլ հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների /աշխատատեղերի նվազում, ներդրողների իրավունքների խախտումներ և այլն/:
Հարց-Գույքի նվազագույն չափն ուսումնասիրելով՝ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն ողջամիտ է ընտրված, թե ոչ:
Պատասխան-Միանշանակ, ոչ: Նախևառաջ, հարկ է նշել, որ գույքի նվազագույն չափի ընտրությունը պետք է լինի հիմնավորված: Այսինքն՝ պետք հստակ պատճառաբանում լինի առ այն, թե ինչու է ընտրվել հենց այդ սահմանաչափը: Տվյալ պարագայում, որպես գույքի շուկայական արժեք սահմավել է 50 մլն ՀՀ դրամը: Այս իրավակարգավորումից ակնհայտ է, որ թիրախ են ոչ թե խոշոր կոռուպիոներները, այլև ցանկացած քաղաքացի: Բացի այդ, նման կարգավորումը նաև արդարացված չէ պետական շահերի պաշտպանության տեսանկյունից: Գույքի բռնագանձման վարույթն իրենից ենթադրում է մեծ ռեսուրսների օգտագործում, և եթե, այսպես ասած, հետ բերվող գույքի արժեքը ցածր լինի, հնարավոր են իրավիճակներ, երբ օգտագործված ռեսուրսներն ավելի մեծ լինեն, քան հետ ստացվածը:
Հարց-Իսկ ի՞նչ է սպասվում այն անձանց, որոնք որպես սեփականություն ձեռք են բերել ենթադրյալ ապօրինի գույքը օրենքը խախտողից կամ էլ ունեն այլ իրավունքներ այդ գույքի նկատմամբ, սակայն չեն իմացել դրա ապօրինի լինելու մասին:
Պատասխան-Օրենքի համաձայն՝ երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ գույքը ձեռք բերելու պահին չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, և գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ:
Խնդրահարույցն այստեղ այն է, որ ապօրինի ծագման մասին չիմանալու և իմանալու ողջամիտ հնարավորության բացակայության փաստի ապացուցման բեռ անձի վրա չի կարող դրվել այն պատճառով, որ անձի վրա առհասարակ չի կարող դրվել փաստի բացակայության ապացուցման պարտականություն: Նման փաստի ապացուցումը տեխնիկապես անհնար է: Թե տեսական գրականության մեջ, և թե դատական պրակտիկայի շրջանակներում հաստատվել է մոտեցում, որի համաձայն՝ անձը պարտավոր չէ ապացուցել իրավախոչընդոտող փաստերի բացակայությունը:
Ինչ վերաբերում է երրորդ անձանց այլ իրավունքներին, որոնք վերջիններս կարող են ունենալ գույքի նկատմամբ, օրինակ՝ գրավի կամ սերվիտուտի իրավունքներին, ապա համաձայն Օրենքի՝ այդ իրավունքները շարունակում են պահպանվել: Սակայն, գործնական այս կարգավորումը վստահաբար առաջացնելու է որոշ խնդիրներ:
Հարց-Իսկ արդյո՞ք հնարավոր է պաշտպանել գույքը նշված օրենքից:
Պատասխան-Այո, իհարկե, առկա են մի շարք օրինական մեխանիզմներ՝ ուղղված գույքի պաշտպանությանը: Եթե խոսքը գնում է գործարարների մասին, ապա բիզնեսը ճիշտ վերակազմակերպելու պարագայում հնարավոր է նվազեցնել այս օրենքի թիրախը դառնալու ռիսկերը և առավելագույնս պաշտպանելու գույքը: Նմանատիպ լծակներն օրենքում բազմաթիվ են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին