ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Լիլիթ Սահակյանը
ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը: Հայտնում են ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակներում նա հեղինակել է 120 գիտական աշխատություն, որոնցից 5 կոլեկտիվ մենագրություն, 3 գիտամեթոդական ձեռնարկ և 70 գիտական հոդված:
Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979թ-ին Երևանում: 2000թ-ին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ-ին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ գեոէկոլոգ մասնագիտացմամբ: 2008թ-ին ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան:
1999թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում՝ սկզբում որպես լաբորանտ, այնուհետ կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնում, ապա նույն բաժնի ղեկավար 2010-2017թթ-ին: 2014թ-ից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրենն էր:
2010թ-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները:
Լիլիթ Սահակյանը ՀՀ Նախագահի բնական գիտությունների բնագավառում լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակակիր է: