ԿԳՄՍ փոխնախարար. Վարչապետի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ արած մանկավարժով իրավապահներն են զբաղվում
Կառավարության մամուլի սրահում այսօր ԿԳՄՍ փախնախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղվեց, թե Լիճք գյուղի մանկավարժը, որը վարչապետի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ է արել, իրավանունք ունի՞ շարունակել աշխատել երեխաների հետ։
Հարցին ի պատասխան, փոխնախարարն ասաց. «Այս միջադեպի առնչությամբ մարզպետարանի հետ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, նաև գիտեմ, որ մարզպետարանն է փորձել որոշակի քայլեր ձեռնարկել։ Մենք նախարարության կողմից դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական ստանա բռնության կոչը և համապատասխան իրավական քայլեր ձեռնարկվեն»։
Հարց. «Այս ընթաքում ի՞նչ քայլեր են արվել, որ հեռավար կրթությունը լիարժեք լինի և բոլոր երեխաները ապահովվեն ինտերնետային կապով և սարքերով»։
Ժ. Անդրեասյան. «Բազմաթիվ դիմումներ են եղել նախարարություն և հասկանում էինք, որ այդ սարքերի պահանջի ծավալը զգալի է և սա է նաև այս որոշման հիմքերից մեկը, թե ինչու ենք մենք գործընթացն ամփոփում մինչև մարտի 13-ն ունեցած արդյունքների վրա։ Նախաձեռնություն ունեինք համակարգչային սարքավորումների հավաքագրման և ըստ մարզերի բաշխման։ Հենց սկզբից, երբ հավաքագրել էինք սարքերի պահանջը, խոսում էինք շուրջ 24 հազար սարքի պահանջի մասին, որ բոլոր մարզերից էին ստացվել։ Ինտերնետ կապի վերաբերյալ մենք բանակցել ենք կապի բոլոր օպերատորների հետ՝ մատչելի սակագնով ապահովելու համար: Դրանց մեջ ներառված են նաև բոլոր կրթական հարթակների հիմնական ամսական անսահմանափակ օգտագործման հնարավորությունը»։
Հարց. «Որքա՞ն կտևի այս կիսակրթությունը»:
Ժ. Անդրեասյան. «Մի մասը դրա մեջ կարող է տեսնել կիսակրթություն, ես աշխատում եմ դրա մեջ տեսնել այն դրական կողմերը, որ մեզ հնարավորություն է տալիս նաև զարգացնել կրթական համակարգը, դա՝ ուսուցիչների շրջանում համերաշխությունն ու համագործակցությունն է, սովորողների, ծնողների և ուսուցիչների կիջև համագործակցային նոր մոդելներն են, չնայած խնդիրներին՝ մարդկանց պատրաստակամությունն է սովորեցնել և կրթել։ Ես չեմ ասում դնենք վարդագույն ակնոցներ, ուղղակի յուրաքանչյուր գործընթացը դիտենք իբրև հնարավորություն դեպի այն դրական փոփոխությունները, որոնց ուզում ենք տանել կրթական համակարգը: Լինենք ազնիվ, մեզնից, որևէ մեկը, կարծում եմ, գոհ չէ դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակից, որ մենք ունեինք նաև մինչև արտակարգ դրությունը և այնպես չէ, որ բոլորս կարծում էինք, թե մեր դպրոցներից, բուհերից և քոլեջներից դուրս են գալիս իդեալական շրջանավարտներ, որոնք ամբողջությամբ պատրաստ են կյանքի հաջորդ փուլին։ Կրթության մեջ մեզ չբավարարող վիճակը կտևի այնքան, քանի դեռ մենք չենք որոշել փոխել այն»։