ՀՀ պետական բյուջեում 324 մլրդ դրամի չափով պակասուրդ կգրանցվի. Ջանջուղազյան
«Կորոնավիրուսային համավարակը աննախադեպ ազդեցություն է ունենում տնտեսության վրա»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» նախագիծը։
Ըստ Ա. Ջանջուղազյանի, արդեն իսկ ակնկալվում է, որ համավարակը տնտեսական անկման և սնանկացման է հանգեցնելու. «Համավարակի հետևանքները մեղմելու համար կառավարությունն իրականացրել է բազում աջակցության ծրագրեր, որոնք տրամաբանորեն պետք է արտացոլվեն նաև պետական բյուջեի մասին օրենքում»։
Ներկայացնելով առաջարկվող նախագիծը՝ ՀՀ ֆինանսների նախարարն ասաց՝ կանխատեսվում է, որ ՀՀ-ն կունենա 2% տնտեսական անկում։
«Ի տարբերություն բյուջեով նախատեսված բյուջետային շրջանակի հիմքում ընկած 4.9% տնտեսական աճի, մենք կունենանք 2%-ով պակաս աճ, և բացի այդ ՀՆԱ-ն կտարբերվի բյուջեում դրված մեծությունից և 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն մենք կունենանք 6 տրիլիոն 485 միլիարդ դրամ ՀՆԱ։ Հետևաբար, կվերանայվի նաև բյուջետային եկամուտների ցուցանիշը։
Ըստ ներկայացված սցենարի նախատեսվում է, որ մենք կունենանք շուրջ 169 միլիարդ դրամով ցածր հարկային եկամուտներ, քան բյուջեի մասին օրենքով նախատեսված էր։ Միևնույն ժամանակ, մենք չենք նախատեսում նվազեցնել ծախսերի չափը՝ նկատի ունենալով, որ ծախսերի կրճատումը, տվյալ դեպքում, կհանգեցնի անկման ավելի խորը դրսևորումների»,- ներկայացրեց Ա. Ջանջուղազյանը։
Նրա խոսքով, պետական բյուջեում 324 մլրդ դրամի չափով պակասուրդ կգրանցվի՝ «Բյուջեի մասին» օրենքով նախատեսված շուրջ 161 մլրդ դրամի փոխարեն։
«Ներկայացված նախագծում դրված է այդ տրամաբանությունը, որ առաջարկվում է կանխատեսվող ՀՆԱ-ի 5%-ի չափով սահմանափակել պակասուրդի հնարավորությունը»,- տեղեկացրեց Ատոմ Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ-ին հարկային եկամուտները կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան
- Ատոմ Ջանջուղազյան. Պարտքի ավելացումն անխուսափելի է
- Ջանջուղազյան. Եկամուտների նվազեցումը անխուսափելի է
- Ովքե՞ր կարող են օգտվել ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրից և ՓՄՁ արտոնյալ վարկերից