Վլադիլեն Բալյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում
Երևանի ավագանու որոշմամբ հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։
Ապրիլի 25-ին լրանցել է Վլադիլեն Բալյանի 96- ամյակը։
Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանը ծնվել է 1924թ. ապրիլի 25-ին, Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարային ֆակուլտետներում: 1952-1954թթ եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: