Մենք օգտվո՞ւմ ենք մեր արտաքին պարտքի սպասարկման ընթացքը 1 տարի հետ նետելու հնարավորությունից. Բագրատյան
«Առաջին հայացքից գրավիչ է թվում արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելն ու այդ միջոցները ներքին խնդիրների լուծմանն ուղղելը, բայց մենք դա առայժմ իրատեսական չենք համարում, քանի որ այն թուլացնում է պարտք վերցնողի հատկանիշները»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ միջազգային իրավունքի պրակտիկայում, անհաղթահարելի ուժը պետությանը միջազգային իրավական պատասխանատվությունից ազատող հանգամանք է. «Մենք օգտվո՞ւմ ենք մեր արտաքին պարտքի սպասարկման ընթացքն առնվազն 1 տարի հետաձգելու հնարավորությունից։ Եթե մենք կարողանանք դա անել, կարող ենք լուծել այն բարդությունները, որոնք այսօր ունենք՝ ֆինանսական ռեսուրսների հետ կապված»։
Ա. Ջանջուղազյանն առաջարկեց առայժմ ձեռնպահ մնալ այդպիսի քննարկումից, քանի որ դա Հայաստանի նկատմամբ միջազգային կառույցների վերաբերմունքի վերանայման ռիսկ է պարունակում։
«Եթե պարտք տրամադրողի և ներդրողի տեսանկյունից նայենք, ապա մենք ճիշտ հակառակն ենք ասել, մենք ասել ենք, որ նախատեսում ենք մասշտաբային ծրագրեր, որոնց համար մեծ դրամական միջոցներ ենք ուզում ներգրավել՝ առևտրային պայմաններով, այլ ոչ պայմանական արտոնյալ պայմաններով»,- պատասխանեց ֆինանսների նախարարը։
Արձագանքելով՝ Ս. Բագրատյանը նշեց, որ պատասխանն իր համար ընդունելի չէ, սակայն կարևոր է, որ քաղաքական հստակ դիրքորոշում կա։
«Բայց այստեղ այլ հարց է ծագում. փոխվարչապետի ասուլիսից պարզվեց, որ մենք 1.5 մլրդ վարկային ռեսուրսի հնարավորություն ունենք։ Արդյո՞ք հապաղելու և այդ միջոցներից չօգտվելու դեպքում մենք չենք հայտնվի հետնապահի դիրքում։ Արդյո՞ք ճիշտ ժամանակին չօգտագործելով և՛ առաջին նշածս տարբերակը և երկրորդը չենք հայտնվի կոտրած տաշտակի առջև»,- հարցրեց Ս. Բագրատյանը։
Պատասխանելով՝ Ա. Ջանջուղազյանն ասաց՝ պատասխանատու պատասխան է լինելու, բայց կարծում եմ՝ ոչ.
«Նույն ներդրողի տեսակետից շատ էական է, որ իր կամքով է ներդրումը կատարում, այլ ոչ թե խնդրատուի պահանջով։ Որպես օրինակ, եվրապարտատոմսերի թողարկման ժամանակ, երբ սեպտեմբերին գործառնությունը տեղի ունեցավ, բոլոր ներդրողները մեզ ասում էին, որ պատրաստ են մեզ տրամադրել 4-5 անգամ ավելի պարտքային միջոցներ, քան մենք ուզել էինք»։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է պետբյուջեից 150 մլրդ դրամ հատկացնել կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարին
- ՀՀ պետական բյուջեում 324 մլրդ դրամի չափով պակասուրդ կգրանցվի. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի