Ինչքանո՞վ է սա խորհրդարանական երկրին հարիր. Գորգիսյան
«Կառավարությունն ուզում է առանց ԱԺ կարծիքը հարցնելու ցանկացած ծրագրից գումար հանի և այլ ծրագրի այդ գումարն ուղղի։ Որքանո՞վ է սա համահունչ մեր որդեգրած ծրագրային բյուջետավորման տրամաբանությանը»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Պատգամավորը հիշեցրեց՝ ծրագրային բյուջետավորումը ենթադրում է, որ ԱԺ-ն պետք է կառավարությանն ուղղորդի՝ ժողովրդի մուծած հարկերը ծախսել կոնկրետ ծրագրերի վրա, և սա առաջադեմ մոտեցում է։
Պատասխանելով հարցին, Ա. Ջանջուղազյանն ասաց, որ ծրագրային բյուջետավորման ներդրմամբ մոտեցում է ցուցաբերվում, թե օգտագործված միջոցնեով ինչ արդյունքներ են արձանագրվում։
«Բյուջեում կան միջոցառումներ, որոնք հիմնված են գործող օրենքների վրա, այսինքն՝ քանի դեռ օրենք չի փոխվել, այդ միջոցառումների շրջանակում իրականացվող ծրագրերը ենթակա են իրականացման՝ այլ հավասար պայմաններում։ Հետևաբար, դրա նվազեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա։
Իսկ «2020 թվականի ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է այս ժամանակահատվածում կոնկրետ ծրագրերին ուղղված բյուջեի գումարները վերաբաշխելու հնարավորություն տալ կառավարությանը.
«Եթե ուզում ենք, որ մեր օժանդակությունը լինի հասցեական և ժամանակին, ապա այս առաջարկությունը պետք է ընդունվի»։
Արձագանքելով Գ. Գորգիսյանն ասաց, որ կառավարությունը դեռ հստակ չգիտի՝ ինչ ծրագրերի վրա է ուզում ծախսել այդ գումարները, դեռևս պատկերացում չունի, թե վաղը երկրին ինչ է սպասվում և ինչպիսի անհրաժեշտություններ կարող են լինել, այսօր ուզում է, որ ԱԺ-ն իր լծակներից հրաժարվի ու ասի՝ ոնց ուզում եք, այդ գումարները ծախսեք.
«Ինչքանո՞վ է սա խորհրդարանական երկրին հարիր»։
Ա. Ջանջուղազյանն էլ պատասխանեց, որ ներկայացված նախագիծն ամբողջությամբ համապատասխանում է անորոշության այս աստիճանի պայմաններին. «Եթե մենք ուզում ենք համարժեք հակազդման մեխանիզմներ ունենալ, ապա պետք է այս տրամաբանությամբ շարժվենք»։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ, ում գազն ու լույսը անջատել են, հացի փող էլ չունեն. Մարուքյան
- Առաջարկվում է պետբյուջեից 150 մլրդ դրամ հատկացնել կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարին
- ՀՀ պետական բյուջեում 324 մլրդ դրամի չափով պակասուրդ կգրանցվի. Ջանջուղազյան