Ուսումնական տարին հեռավար ընթացակարգով կշարունակվի մինչև վերջ. Ժաննա Անդրեասյան
Ուսումնական տարին հեռավար ընթացակարգով կշարունակվի մինչև վերջ և հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում կավարտվի մայիսի 22-ին, իսկ վեցօրյայի դեպքում մինչև մայիսի 23-ը Կառավարության մամուլի կենտրոնում այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ըստ փոխնախարարի, դպրոցները հաջորդ ուսումնական տարում լրացնելու են բաց թողնված դասերը, բայց հեռավար ուսուցման ծավալը լրացրած ուսուցիչների համար նման պահանջ չի դրվի, կամ դրվելու է միայն բաց թողնվածի մասով:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ քննարկվում է հաջորդ ուսումնական տարվա ուրբաթ և շաբաթ օրերին դասեր կազմակերպելու, ինչպես նաև մեկ շաբաթով շուտ ուսումնական տարին սկսելու հնարավորութունը:
Հայտնելով, որ հանրակրթական կրթական համակարգում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլէկտրոնային մատյաններ փոխանցած գնահատականների հիման վրա, Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նման որոշումը կայացվել է, քանի որ իրավիճակն այնպիսին է, որ տեխնիկական սարքերի և ինտերնետի անբավարարության պատճառով դպրոցականների12-20 տոկոսը դուրս են մնացել կրթության գործընթացից:
«4-րդ և 9-րդ դասարանների ավարտական քննություններ չեն անցկացվի, քննական գնահատականները կհամարվեն մատյանների տարեկան ամփոփված գնահատականները: Փոխադրական քննություններ չեն անցկացվելու նաև 10-րդ և 11-րդ դասարաններում և ամփոփումը կլինի նույն ձևով»,- հայտնեց ԿԳՄՍ փոխնախարարը և տեղեկացրեց, որ նույն կարգը կգործի 12-րդ դասարանի համար:
Ըստ Ժաննա Անդրեասյանի, հաշվի առնելով այն, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ նրանք հնարավորություն կունենան ընտրել պահպանել քննության արդյունքները կամ տարեկան գնահատականները՝ որպես ատեստատում քննական գնահատական, իսկ ամփոփումը կարվի և ատեստատները կհատկացվեն մինչև մայիսի 25-ը:
ԲՈւՀ-երի ավարտական քննությունների ձևը, ըստ ԿԳՄՍ-ի որոշման, կընտրեն ԲՈւՀ-երը՝ հաշվի առնելով ակադեմիական ինքնակառավարման սկզբունքը, սակայն դրանք պետք է լինեն առցանց:
Փոխնախարարը հայտնեց, որ դիմորդները ԲՈՒՀ ընդունվելու համար այս տարի կհանձնեն միայն մեկ քննություն, միասնական քննությունների ցանկը, ըստ մասնագիտությունների, կhրապարակվի ապրիլի 30-ին:
Քննությունը լինելու է տվյալ մասնագիտության ընդունելության համար նախատեսված առարկաներից որևէ մեկը:
Ըստ ընթացակարգի, մինչև մարտի 15-ն արդեն լրացրվել են ԲՈւՀ-երի ընդունելության հայտերը և, փոխնախարարի հավաստմամբ, քանի որ ընթացակարգի փոփոխություն կա, ուստի նոր հայտարարագիր գրելու հնարավորություն է տրվում նախկինում այն արդեն արած դիմորդներին:
«Քննությունների հայտարարագրման գործընթացը միավորվել է ԲՈւՀ դիմելու հայտերի լրացման հետ, որպես մեկ միասնական գործընթաց: Այն կմեկնարկի մայիսի 25-ին և կգործի մինչև հունիսի 15-ը՝ էլեկտրոնային եղանակով»,- հայտնեց փոխնախարարը և հավելեց, որ դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, ԲՈՒՀ-ը և մասնագիտությունը, իսկ նախապես հայտագրված բոլոր դիմորդները հնարավորություն կստանան այդ ժամանակահատվածում հաստատել կամ վերահաստատել հայտը և մի քանի քննությունների համար նախօրոք վճարված գումարները հետ ստանալ:
Ընդունելության մեկ քննությունը կազմակերպվելու է համավարակի տարածման կանխարգելման կանոններով, քննական կենտրոնները գործելու են ողջ հանրապետությունում՝ ապահովելով դիմորդների սահմանափակ թիվը քննասենյակներում:
Ըստ փոխնախարարի, ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում, իսկ արվեստի և սպորտի բուհերը նույնպես մեկ քննության միջոցով կանցկացնեն ընդունելությունը։ Բանավոր քննություններ չեն նախատեսվում:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ միջպետական համաձայնագրերով նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթը կիրականացվի՝ ելնելով գործընկեր պետությունների հետ հստակեցումից և նույն ընթացակարգերով, եթե միջպետական պայմանագրով այլ պայմաններ սահմանված չեն:
Տեղեկացնելով, որ քոլեջների ավարտական քննությունները և դիպլոմային պաշտպանությունը կատարվելու է այնպես, ինչպես դպրոցական ավարտականների պարագայում՝ Անդրեասյանը հայտնեց, որ եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, ապա գնահատականը նշանակվելու է առաջին կիսամյակի հիման վրա:
«Ասպիրանտուրայի ընդունման գործընթացում առաջարկել ենք կասեցնել ոչ մրցութային առարկաների՝ օտար լեզվի, ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիայի համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ հավաստագրի ներկայացման պահանջը»,- հայտնեց փոխնախարարը և տեղեկացրեց, որ այդ գործընթացը կիրականացվի հունիսի 16-ից 30-ը և արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը:
Քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը 9-ամյա կամ 10-ամյա կրթության հիմքով, ըստ ԿԳՍՄ նախարարության կայացրած որոշման, նախատեսվում է անցկացնել հիմնականում ատեստատների գնահատականների հիման վրա՝ օգոստոսին, բացի արվեստի սպորտի և առողջապահական ուսումնական հաստատություններից, որտեղ իրականացվելու է մեկական քննություն՝ ինչպես ԲՈՒՀ-երում:
«Մեդալի քննություններ չեն իրականացվելու, հավակնորդները կկարողանան հաջորդ ուսումնական տարում մասնակցել քննություններին»,- հայտնեց Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով շրջանավարտներին հուզող վերջին զանգի թեմային՝ փոխնախարարը շեշտեց, որ այն ժամանակ, երբ համավարակը խնդիր չի լինի և հնարավոր կլինի կազմակերպել հանրային միջոցառում, այդ դեպքում կորոշեն վայրը և միասնական կնշեն:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը ներկայացնում է, թե ինչ կարգով են հանձնելու քննությունները
- Քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, իսկ մանկավարժները կշարունակեն վարձատրվել. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան