Փաշինյան. Կոմունալ ճգնաժամի լուծումները լինելու են ոչ կատարյալ ու ոչ 100 տոկոսանոց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում վճարել սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց։ Հիշեցնում է, որ ՀԷՑ-ն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հումք են գնում արտադրանք տալու համար, վճարում են իրենց աշխատակիցներին, բացի այդ էլ խոշոր հարկատուներ են։
Նա հիշում է իր խոստումը, չվճարած քաղաքացիների համար անջատումներ չի լինելու։ Բայց...
«Երբ մենք այդ հայտարարությունն անում էինք, հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ իրավիճակը կավարտվի։ Բայց ամեն ինչ այդպես չգնաց։ Զարգացավ մի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին վճարել ոչ միայն հնարավորություն չունեցողները, այլև ունեցողները։ Տասն օր առաջ, երբ մենք նայում էինք, թե ովքեր չեն վճարել, տեսնում էինք, որ հարուստ մարդիկ սկսել են չվճարել, դրա պատճառն այն է, որ կառավարությունն ասել է՝ անջատումներ չեն լինելու։ Փաստորեն բաժանորդները չեն վճարում ցանցերին, ցանցերը՝ արտադրողներին, արտադրողները՝ մատակարարներին, աշխատողներին, հարկեր, դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ, և ամենակարևոր վտանգը՝ կարող է այս համակարգը քանդվել, կարող է խոսք գնալ ոչ թե մի քանի հազար մարդու էլեկտրաէներգիան անջատելու մասին, այլ այն մասին, որ երկրում չաշխատի էներգետիկ համակարգը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վերնագրել է «Զրույց քաղաքացու հետ. կոմունալ ճգնաժամ»։
Փաշինյանը ընդգծեց, որ խոսքը երկրում էներգիա լինել-չլինելու մասին է, քանի որ չէին վճարում նաև խոշոր բաժանորդները։
Նրա խոսքով, վերջին մի քանի օրերին 7 մլրդ դրամի վճարում է եղել, արդյունքում համակարգը փրկվել է կոլապսից։
«Այո, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրվել էր էմոցիաների, կառավարությունն էլ, ըստ ամենայնի, քաջալերել էր, և նման իրավիճակ էր ստեղծվել»,- ասաց նա։
Կառավարության ղեկավարը հրապարկեց ձեռքի տակ եղած թվերը՝ Հայաստանում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ, 623 հազար գազի բաժանորդ։
Այս պահին, ըստ նրա, անջատվել է 4300 բաժանորդների հոսանքը, 736 բաժանորդի գազի մատակարարում։
«Իմ խնդիրն է արձագանքել օպերատիվ մարտահրավերներին։ Ես հասկանում եմ՝ բոլորս տուժելու ենք։ Բայց իմ խնդիրն է, որ երկիրն այս ճգնաժամից դուրս բերել նվազագույն կորուստներով։ Սա է մեր ռազմավարությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում կոմունալ ճգնաժամին պետք է այլ լուծում տրվի, քան չվճարումն է, քանի որ չվճարումների փորձը ցույց է տվել, որ այն հանգեցնում է սպեկուլյացիաների, համակարգի կոլապսի վտանգի։
«Հարցի այլ լուծում կգտնենք, ակնհայտ է, բայց դրանք չեն լինի 100 տոկոսանոց ու կատարյալ, դա ակնհայտ է։ Մենք պետք է ամեն բան անենք, որ այդ ծրագրերը լինեն խիստ հասցեական»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ հոսանքազրկված քաղաքացիները շատ չեն ջղայնացած։
Փաշինյանն ասաց, առաջիկա տասը օրերի ընթացքում գնալու են սահմանփակումների նվազեցման ուղղությամբ, եթե, իհարկե, արտառոց բան չպատահի։ Իսկ ամեն ոլորտի համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների ուղեցույցներ հրապարակի։
«Միայն կրթական համակարգն է, որ մենք սահմանափակված կպահենք»,-ասաց նա՝ նկատելով, որ կառավարության գործողությունների տրամաբանությունը բխում է ժողովրդի շահերից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան