
Սևանում գրանցվել է COVID-19-ի առաջին դեպքը
ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք, ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 63-ի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Մարզպետը տեղեկացրել է, որ վարակի դեպքեր գրանցվել են Վարդենիս, Մեծ Մարիկ (Վարդենիսի տարածաշրջան) և Սևան համայնքներում։
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Սևանում գրանցված վարակակրի շփման շրջանակը այս պահին պարզվում է։
Թե որտեղից կարող է լինել վիրուսի աղբյուրը, Վարդանյանն ասաց, որ դեռևս հստակ ասել չի կարող. «Ինքը կոնտակտավոր է եղել, վարակակրի հետ է շփվել, և մենք ուղղակի նմուշառում ենք արել, ու պարզվել է, որ քաղաքացին վարակված է։ Բայց իր մոտ ախտանշաններ չեն եղել»։