ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 5.0 %
Ապրիլի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն ից նաև հայտնում են, ոև 2020 թ. մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0.1%:
Կորոնավիրուսի տարածումը և վերջինիս կանխարգելման առողջապահական միջոցառումները մեծ բացասական ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության, այդ թվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա և մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականութ-յունը: Չնայած առաջատար երկրների կենտրոնական բանկերի համատեղ ջանքերի շնորհիվ ֆինանսական շուկաների տատանողականությունը թուլացավ, սակայն անորոշություններն ու ռիսկերը դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում: Գնահատվում է, որ այս ամենը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն։
ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետևանքով 2020 թ-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում: ԿԲ գնահատականների համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Գնահատվում է, որ համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են նաև համավարակի հաղթահարման ժամկետների և տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի և հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները:
Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը, առկա ցածր գնաճային միջավայրը և ֆինանսական շուկաների կայունացումը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում:
Ներկայումս բավականին բարձր են անորոշությունները կարճաժամկետ և երկարաժամկետ տնտեսական զարգացումների վերաբերյալ, ինչը նույնպես Կենտրոնական բանկը փորձում է հաշվի առնել իր գործողություններում: Միևնույն ժամանակ գնահատվում է, որ կանխատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը գերակշռում են ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա