Բողոքի ակցիա. «Եկել ենք մեր ընտրած վարչապետին հարցնենք՝ ինչու չի կատարում իր խոստումը»
Կառավարության շենքի դիմաց այսօր մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով էլեկտրաէներգիայի ու գազի անջատումներից։
Հիշեցնենք, որ ՀԷՑ և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները դադադրեցրել են այն բաժանորդների մատակարարումը, որոնք սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար չեն վճարել։
«Մենք եկել ենք մեր ընտրած վարչապետին հարցնենք, թե ինչու չի կատարում իր տված խոստումը։
Ինքը մեզ խոստում է տվել։ Այսօր, երբ մարդիկ հացի խնդիր ունեն, ինքը լայվ է մտնում ու ասում՝ զբոսանքի սահմանափակումները պետք է մեղմացվեն։ Շատ հրատապ հարց է լուծում, էսօրվա կարևորագույն հարցն է։ Մենք կոտորվում ենք զբոսնելու ցանկությունից, այսօր վարչապետն այս հարցը լուծեց։ Շնորհակալություն, պարոն վարչապետ»,- ասաց ակցիայի մասնակից Անահիտը։
Ի դեպ, ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորում են վերադառնալ մեկուսացման վայրեր՝ չնայած այն բանին, որ քաղաքացիներն ունեն տեղաշարժման թերթիկներ, որտեղ նշված են տանից դուրս գալու նպատակը։
Մի քանի քաղաքացիներ վարչական պատասխանատվության ենթարկվեցին, ոստիկանները նշել են, որ թերթիկում նշած նպատակը պարետի որոշմամբ սահմանված չէ։
«Ես կարծում եմ՝ դա շատ հրատապ նպատակ է։ Արտակարգ դրության պայմաններում ես զրկված եմ գազից, էլեկտրաէներգիայից։ Մենք եկել ենք խնդիրը հասանելի դարձնելու վարչապետին։ Ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ ֆորս մաժորը վերացել է, թող մեկը մեզ բացատրի, ի՞նչ փոխվեց մեր կյանքում։ Մեզանից ավելի սարսափելի պայմաններում ապրողներ կան։ Մարդիկ կան, որ երեխաներ ունեն, հոսանք չունենալու պատճառով չեն կարողացել դասերին մասնակցել»,- նշում է մեկ այլ տղամարդ։
Նրա խոսքով, դժգոհ մարդիկ շատ կան, բայց դուրս չեն գալիս տանից։
«Վաղն էլ ենք գալու, մյուս օրն էլ ենք գալու, թող տուգանեն, ես չեմ էլ պատրաստվում վճարել այդ տուգանքները»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կոմունալ ճգնաժամի լուծումները լինելու են ոչ կատարյալ ու ոչ 100 տոկոսանոց
- ՀԷՑ. Մինչև 10 հազար դրամի սպառում ունեցած անապահով բաժանորդները չեն հոսանքազրկվի
- «Գազպրոմ Արմենիա». Չվճարելու դեպքում կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բաժանորդների գազամատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին