Անջելինա Ջոլին դիմել է երեխաների հետ մեկուսացման մեջ գտնվող ծնողներին
Ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին խորհուրդ է տվել այն ծնողներին, ովքեր դժվարություններ ունեն ինքնամեկուսացման շրջանում երեխաների հետ շփվելիս: kulturomania.ru-ի հաղորդմամբ, Time-ի իր սյունակում Ջոլին սատարել է նրանց, ովքեր համավարակի ժամանակ տանն են մնացել և խոստովանել է, որ հասկանում է, թե ինչի միջով են նրանք ստիպված անցնել:
«Ես պատկերացնում եմ, թե ինչպես է ձեզնից յուրաքանչյուրը փորձում ապրել այս օրերը: Որքան շատ եք դուք ուզում օգնել ձեր մերձավորներին: Ինչպես եք անհանգստանում, ինչպես եք ծրագրում: Ինչպես եք ժպտում շրջապատողներին, միաժամանակ ձեզ կոտրված զգալով»,- գրել է դերասանուհին:
Ջոլին նշել է, որ չնայած լավատես ու հանգիստ լինելու բոլոր ջանքերին, անհնար է ամեն ինչում լինել կատարյալ:
«Ձեր երեխաները չեն սպասում, որ դուք կատարյալ կլինեք: Ձեր երեխաները սպասում են, որ դուք ազնիվ կլինեք: Եվ կանեք ամենն ինչ ձեզնից կախված է: Նրանք սիրում են ձեզ, հասկանում են ձեզ: Այս ամենով դուք մեծանում եք միասին»,- հավելել է դերասանուհին:
Time-ում հրապարակված իր տեսաուղերձում Անջելինա Ջոլին ընդգծում է, որ կարանտինի ժամանակ աճել են ընտանեկան բռնության դեպքերը, դպրոցների փակման պատճառով շատ երեխաներ մնացել են առանց տաք ճաշի: Վերջում դերասանուհին խոստովանել է, որ ամեն դեպքում հավատում է մարդկությանը և հուսով է, որ մարդիկ կօգնեն իրար, անկախ ամեն ինչից: