«Ժողովուրդ». ՍԴ-ն հետաձգել է նախագահի դիմումի քննության օրը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ Սահմանադրական դատարանը հետաձգեց Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը։ Ինչպես հայտնի է, խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելուն։
Եվ այսօր պետք է բանավոր ընթացակարգով սկսվեր գործի դատաքննությունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրը տեղափոխվել է և կկայանա հունիսի 16-ին։ Որրպես հիմնավորում ՍԴ-ն նշում է, թե լրացուցիչ ուսումնասիրություններ անելու անհրաժեշտություն կա։
Նշենք, որ այս նախագծերը խորհրդարանի կողմից ընդունվել էին դեռ հունվարի 22-ին, սակայն կարգավորումներում ՀՀ նախագահն ըստ էության խնդիրներ է տեսել։
Նշենք, որ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ: Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։
Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։ Նկատենք, որ չնայած այս դիմումի առկայությանը, խորհրդարանում քննարկվում է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» նախագիծը, որն իր մեջ ևս նման կարգավորումներ է պարունակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում