Կառավարության աջակցության ծրագրերը ՀԲ խորհրդով բարեփոխվում են
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ:
Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը հատկապես այս ժամանակահատվածում:
Նա իր երախտիքի խոսքն է հայտնել պարոն Մյուլերին կատարած մեծածավալ աշխատանքի համար և նշել, որ պատիվ է եղել համագործակցել այսպիսի խորը գիտելիքներով և մասնագիտական հմտություններով պաշտոնյաի հետ՝ ընդգծելով, որ նա մշտապես կլինի մեր երկրի բարեկամը:
Այնուհետև փոխվարչապետը շնորհավորել է Աննա Բյերդեին իր նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանք իր պատասխանատու գործում:
Տեսազանգի ընթացքում հայկական կողմը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումները՝ նշելով, որ դրանք նաև ՀԲ խորհրդատվությունների շնորհիվ շարունակաբար բարեփոխումների են ենթարկվում՝ դառնալով առավել թիրախային և արդյունավետ։
Սիրիլ Մյուլերը բարձր է գնահատել կորոնավիրուսի տարածումը կանխելու և բնակչության ու տնտեսության համար դրա հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկված քայլերը: Իսկ նորանշանակ նախագահ Աննա Բյերդեն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Կառավարությանը այս կարևոր փուլում: