Առաջարկվում է պետբյուջեից 150 մլրդ դրամ հատկացնել կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարին
«Մեր երկրի տնտեսության գործնականում բոլոր ոլորտների վրա առաջարկի և պահանջարկի շոկն իր ազդեցությունն ունեցել է»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ըստ նախարարի, ընդհանուր առմամբ, ներքին և արտաքին շոկերի ազգեցությունը հաշվի առնելով, գնահատվում է, որ մենք կունենանք մոտ 2% տնտեսական անկում.
«2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում դրված էր տնտեսական աճի 4.9% մեծության կանխատեսումը, իսկ առաջարկվող նախագծով նախատեսվում է, որ մենք կունենանք 2% անկում։
ՀՆԱ-ն կտարբերվի բյուջեում դրված մեծությունից և 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն մենք կունենանք 6 տրիլիոն 485 միլիարդ դրամ ՀՆԱ։ Հետևաբար, կվերանայվի նաև բյուջետային եկամուտների ցուցանիշը։ Ըստ ներկայացված սցենարի նախատեսվում է, որ մենք կունենանք շուրջ 169 միլիարդ դրամով ցածր հարկային եկամուտներ, քան բյուջեի մասին օրենքով նախատեսված էր»,- ներկայացրեց Ա. Ջանջուղազյանը։
Ըստ էության, մոտավորապես 150 մլրդ դրամ արժողությամբ փաթեթ է առաջարկվում ընդունել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է պայմանական բաժանմամբ օգտագործել տնտեսական և սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով, մոտ 80 մլրդ դրամ ենթադրվում է, որ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար, և 20 մլրդ դրամ էլ նախատեսվում է վերաբաշխել՝ ըստ անհրաժեշտության։
«Որպեսզի առաջացած պակասուրդը լրացվի անհրաժեշտ է ներգրավվել պարտքային միջոցներ՝ 260 մլրդ դրամի չափով»,- շեշտեց Ա. Ջանջուղազյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե այդ 150 մլրդ դրամից մինչ այսօր քանի՞ տնտեսվարող սուբյեկտ է օգտվել. «Մոտ 300 մլն դոլարը օրական կտրվածքով ենթադրում է 4-5 մլն դոլար, բայց օրական կորուստները 35-40 մլն դրամից պակաս չեն»։
Արձագանքելով՝ Ա. Ջանջուղազյանը նշեց, որ բազմաթիվ են տնտեսվարողները, ովքեր աջակցություն են ստացել. «Թիվը կդժվարանամ նշել, բայց պետք է ֆիզիկական անձանց էլ համարենք շահառուներ, քանի որ նրանց համար էլ ենք ծրագրեր իրականացնում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ աջակցությունները լինեն ժամանակին և հասցեական»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի