ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին. Բացարձակ մերժելի երևույթ է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն դատապարտել է ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սոմսոնյանի հասցեին։
«Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է:
Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ:
Կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:
Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը (Ani Samsonyan) մեր կարևոր գործընկերն է և կարևոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին:
Այս կանոնները պետք է ունենան բացարձակ կիրառություն և վերջ,-տարածած հայտարարության մեջ նշել է ՄԻՊ-ը։
Նշենք, որ Սիմոնյանի հայտարարությունը մեծ պարսավանքի ու քննադատության արժանացավ սոցիալական ցանցերում թե ընդդիմադիր պատգամավորների, թե սովարական քաղաքացիների շրջանում։ ԲՀԿ-ական կին պատգամավերնորն իրենց աջակցությունն ու զորակցությունը հայտնեցին Սամսոնյանին։
Այս ճնշման ներքո Սիմոնյանը ստիպված եղավ ներողություն խնդրել ուղիղ եթերում՝ նշելով, որ բարկացած է եղել։