Մշակվում են նոր ծրագրեր, որ մարդկանց կարողանանք օժանդակություն տրամադրել. Ջանջուղազյան
«Անձինք, ովքեր վարկ ունեն, իրենց աշխատավարձը բանկը կամ ԴԱՀԿ-ը պահում է, ու էդ մարդիկ ոչ մի բան չեն ստանում։ Էս իրավիճակում ի՞նչ կարելի է անել, որ մարդիկ կարողանան աջակցության ծրագրերից օգտվել»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հարցն ուղղելով ՀՀ ֆինանսների նաախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ա. Ջանջուղազյանն ասաց, որ այդ հարցում կարևոր է, թե որքանով է ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդիսանում համավարակի հետևանքի կրող։
«Մի բան է, երբ կոնկրետ համավարակի ազդեցության արյունքում է առաջացել այդ խնդիրը, այլ բան, որ իրավիճակը որևէ կապ չունի համավարակի հետ։ Կառավարության իրականացրած աջակցության միջոցառումները նպատակ ունեն հասցեական աջակցություն տրամադրել ճիշտ ժամանակին։ Դժվար կլինի Ձեր բերած օրինակի համար միանգամից պատասխանել, թե մարդը որ միջոցառման շահառու կարող է լինել, կապված է՝ ինչպես է նկարագրվում անձը և ինչ չափորոշիչների է համապատասխանում»,- տեղեկացրեց Ա. Ջանջուղազյանը։
Նա շեշտեց, որ աջակցության ծրագրերի բոլոր հնարավոր ուղղություններն ավարտված չեն, և եղած միջոցառումները մշտադիտարկման են ենթարկվում, և մշակվում են նոր ծրագրեր, որ մարդկանց կարողանանք օժանդակություն տրամադրել.
«Կոնկրետ դեպքից է կախված, թե անձը ներկայիս ծրագրերից կարող է օգտվել, թե ոչ»։
Արձագանքելով՝ Ս. Միքայելյանն ասաց, որ ընդհանրապես մարդկանց սոցիալական վիճակը ծանրանում է, և եթե առաջ հարազատներն ու ծանոթները աջակցել են իրենց, հիմա դա էլ չկա.
«Ես ընդհանրապես այն մարդկանց մասին եմ խոսում, ովքեր վարկ ունեն։ Նրանք դիմում են ու հարցնում՝ ինչ անել, որ էս վիճակից դուրս գան»։
Ա. Ջանջուղազյանն էլ նշեց՝ այդ հարցը մինչև համավարակն էլ ակտուալ էր։
«Մենք գիտենք, մեր երկրում խնդիրները քիչ չեն եղել, այստեղ ամբողջ հարցը նրանում է, թե մարդը որքանով է տուժված այս իրավիճակից։ Մենք ներքին սահմանափակումներ ենք արել, ինչը տնտեսության համար խնդիրներ է առաջացրել։ Մենք փորձում ենք աջակցության շրջանակում ներառել բոլոր այն մարդկանց, ովքեր համավարակի ազդեցության պոտենցիալ կրողներ են»,- շեշտեց Ա. Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության աջակցության ծրագրերը ՀԲ խորհրդով բարեփոխվում են
- Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի՝ կիրականացվի սոցիալ-բնապահպանական ծրագիր