«Կառավարությունն ուզում է նոր պարտք վերցնել՝ առանց կոնկրետ ծրագրերի, որոնց համար այդ գումարը պետք է»
«Հիմա կարո՞ղ է դուք ուզում եք օրինակ 250 մլրդ գումար ծախսել, ու դրա համար ասում եք՝ սահմանափակումների շեմը հանենք»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Նա նշեց, որ բյուջեում որոշակի շեմից ավելի փոփոխություն անելու համար պետք է խորհրդարանի համաձայնությունը. «Դուք ասում եք՝ այնտեղ, որտեղ պետք է ուղղվեն այս գումարները, այսպես թե այնպես 150 մլրդի ծախս է նախատեսված, ինչը բյուջեի 8.2%-ն է։ Հիմա առաջարկ կա նաև նվազագույն շեմը մինչև 10% շեմ սահմանելու, բայց էլի ասում եք՝ ոնց ուզում եք արեք։ Շեմը հանելով, հնարավո՞ր է 150 մլրդ գումարի չափը բարձրանա»։
Պատասխանելով հարցին՝ Ա. Ջանջուղազյանն ասաց, որ բյուջեի պակասուրդի համար իրենք առաջարկում են սահմանել առավելագույնը 324 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 5%-ը, ինչը նշանակում է, որ Միրզոյանի նշած ռիսկը չի կարող լինել։
«Իսկ եթե սահմանափակումը մնա, ապա անհնար կլինի որոշակի միջոցառումների հաշվին, որոնք այս պահին առաջնային չեն, իրականացնել կորոնավիրուսի դեմ հակազդման աշխատանքներ։ Եթե սահմանափակումը պահպանվի, կամ նոր տոկոս սահմանվի, ապա համավարակի հետևանքի մեղմմանն ուղղված որևէ միջոցառում չի ֆինանսավորվի այլ ծրագրերի հաշվին»,- նշեց Ա. Ջանջուղազյանը։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նշեց, որ ծրագրի խոցելի տեղն այն է, որ կառավարությունն ուզում է նոր պարտք վերցնել՝ առանց կոնկրետ ծրագրերի, որոնց համար այդ գումարը պետք է. «Ըստ էության, գործադիրը դեռ չգիտի՝ ինչ ուղղությամբ պետք է ներգրավված միջոցները ծախսվեն։ Շատ հետաքրքիր է իմանալ, այդ 260 մլրդ դրամը, որ ցանկանում եք որպես պարտք ներգրավվել, դրա ո՞ր մասն է ուղղվելու ենթակառուցվածքային կապիտալ ծախսերին»։
Արձագանքելով՝ Ա. Ջանջուղազյանն ասաց, որ ենթակառուցվածքային ծախսերը հարկաբյուջետային քաղաքականության իրականացման այն մասն են, որ միանշանակ նպաստում են երկրի տնտեսական աճին։
«2020 թվականի բյուջեով մենք կրկնապատկել էինք այն գումարի չափը, որը նախատեսված էր ուղղել ենթակառուցվածքային ծախսերին։ Դա որպես ուղղություն շարունակում է մեզ համար մնալ որպես առաջնահերթություն։ Բայց սոցիալական խնդիրների լուծումը ևս այս պարագայում շատ կարևոր է։ Այս դեպքում մենք իրավունք չունենք միայնակ թողնել հասարակության այն մասին, որն ունի օժանդակության կարիք։ Թե որ չափով դա ներգրավված պարտքի հաշվին կլինի, որ մասով՝ սեփական եկամուտների, այլ հարց է»,- ասաց Ա. Ջանջուղազյանը։
Ա. Բաբաջանյանն էլ ասաց, որ Ա. Ջանջուղազյանը խուսափում է հարցին ուղղակի պատասխանելուց, և ինքը նման լավ խուսանավելու օրինակի դեռ չէր հանդիպել.
«Ես խնդրում եմ հստակ պատասխանել՝ ներգրավված գումարի ո՞ր մասն է հատկացվելու սոցիալական ծրագրերին և որ մասը՝ ենթակառուցվածքներին»։
Պատասխանելով Ա. Ջանջուղազյանն ասաց, որ գործնականում հնարավոր չէ ասել, թե այս պահին գումարը ինչպես է բաշխվելու։
«Մենք առիթ կունենանք լրացուցիչ ներկայացնելու, թե ինչ ծախսեր են իրականացվելու»,-եզրափակեց խոսքը Ա. Ջանջուղազյանը։