Երգել՝ հանուն կյանքեր փրկելու. «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի» աննախադեպ նախագիծը
«Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը» կազմակերպել է բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր՝ VR տեխնոլոգիաների միջոցով, որը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից (Dvin Music Hall համերգային սրահից) և Լոս Անջելեսից՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար մայիսի 2-ին, ժամը 20:20 Երևանի և 9:20 AM Լոս Անջելեսի ժամանակով: Նախագծի մասին NEWS.am-ը զրուցել է հիմնադրամի ղեկավար, հայտնի գործարար Արտակ Թովմասյանի հետ։
- Պարոն Թովմասյան, ինչպե՞ս առաջացավ նման խոշոր և աննախադեպ նախագծի մտահաղացումը:
- Նախաձեռնության գաղափարն առաջացավ կորոնավիրուսի հետևանքով պայմանավորված իրավիճակից հետո, երբ օրեցօր վարակի նոր դեպքեր էին հայտնաբերվում: Մեր հիմնադրամն ուղղակի չէր կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակում մեր ժողովրդի և պետության նկատմամբ: Կորոնավիրուսն անկանխատեսելիորեն հայտնվեց ու փոխեց բոլորիս առօրյան՝ ստիպելով ապրել նոր կանոններով ու սահմանափակումներով:
Այո, մեր նախագիծն իրոք աննախադեպ է. այն ունի բարեգործական երեք ուղղվածություն՝ համերգ, աճուրդ և ֆլեշմոբ:
Միավորում է միանգամից մի քանի մայրցամաք. համերգին մասնակցում են մշակութային գործիչներ թե՛ Երևանից, թե՛ Լոս Անջելեսից, թե՛ Մոսկվայից, Բեյրութից և թե՛ Բրյուսելից:
Այն գործիչները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան “Dvin Music Hall”-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ մյուս քաղաքներից մեզ միացած հայ արտիստները ելույթ կունենան տանից՝առցանց (#StayHome):
Համերգն անվճար կհեռարձակվի ուղիղ եթերում՝ մեր Youtube-ի պաշտոնական ալիքում, իսկ ովքեր կցանկանան համերգին հետևել VR տեխնոլոգիաների միջոցով, կարող են գնել տոմս նվազագույն արժեքով, որը ևս կուղղվի հավաքագրված գումարի հետ՝ կոռոնավիրուսի դեպ պայքարին: Մանրամասների մասին ՝ www.tovmasyanfoundation.com
Համերգի ընթացքում տեղի կունենա նաև բարեգործական աճուրդ, որին միացել են բազմաթիվ հանրաճանաչ և մեր կողմից սիրված անձինք՝ նվիրաբերելով տարբեր իրեր «Միասին Մենք Կարող ենք» մակագրությամբ:
Ֆլեշմոբի միջոցով մենք ուզում ենք ցույց տալ մեր միասնությունն ու ուժը. մեր ազգը շատ փորձությունների միջով է անցել, և սա էլ բացառություն չէ: Մեր միասնականության շնորհիվ մենք սա էլ կհաղթահարենք: Ֆլեշմոբի ընթացքում կիսվում են տեսանյութերով, որտեղ ասվում է «Միասին Մենք Կարող ենք» և լուսանկարներով: Բոլոր այս նյութերը կօգտագործվեն նոր տեսահոլովակում:
- Դժվար չէ՞ր արտակարգ իրավիճակի և համընդհանուր ինքնամեկուսացման պայմաններում այսպիսի խոշոր նախագծի իրականացումը: Ի՞նչ խնդիրների եք բախվել համերգի կազմակերպման ընթացքում:
- Այո, իհարկե, համաճարակի ժամանակ ամեն ինչն է դժվարանում, քանի որ կյանքն է պարալիզացվում: Դժվարություններ եղել են և կան, բայց հենց հիմա է այն պահը, որ մենք պետք է անենք մեր ուժերից էլ ավելին ՝ ցույց տալու , որ նույնիսկ ֆորս մաժորային նման իրավիճակը չի կարող խանգարել նման բարեգործական նախաձեռնությունը:
- Մոտ 5 տասնյակ աստղերի համաձայնությունը Հայաստանում և ԱՄՆ-ում հեշտությա՞մբ ստացաք:
- Ի սկզբանե նախատեսել էինք 25 մշակութային գործիչների մասնակցություն, բայց ինչպես գիտեք մասնակիցների թիվը արդեն կրկնապակվել է: Միացել են արդեն գործիչներ ոչ միայն Հայաստանից և ԱՄՆ-ից, այլև Ռուսաստանից, Լիբանանից, Բելգիայից: Բոլորը համաձայնել են ելույթ ունենալ առանց հոնորարի և դրանով իրենց աջակցությունը հայտնել այս բարեգործական նախաձեռնությանը, ինչ շատ ողջունելի է:
- Համերգն անցկացվելու է VR տեխնոլոգիաների օգտագործմամբ, կմանրամասնե՞ք՝ ինչ է դա ենթադրում:
- Քանի որ համերգին հետևելու են բոլորը տնից, ոչ ոք ներկա չի գտնվելու, VR - Virtual Reality (թարգմ.՝ վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների միջոցով մենք հնարավորություն կստեղծենք իրապես զգալ համերգասրահում և վճարելով մինիմալ գումար՝ սմարթֆոնի միջոցով յուրաքանչյուրը կկարողանա միանալ և հետևել համերգին 360*աստիճանով: Այսինքն յուրաքանչյուրը, մասնակից դառնալով համերգին և վճարելով մինիմալ գումար մասնակցության համար, դառնում է բարերար։ Ոչ ոք ցավոք ապահովագրված չի այս հիվանդությունից, և յուրաքանչյուրս կարող ենք մեր լուման ներդնել այս կարևորագույն գործում։
- Ո՞րն է այս նախագծի գլխավոր նպատակը, ի՞նչ խնդիր է այն լուծելու:
- Առաջին հերթին և առաջին տեղում նախևառաջ մարդն է, եթե մարդն առողջ է, կարող է և՛ սոցիալական, և՛ կրթական և մնացած այլ ոլորտներում իր գործունեությունը ծավալել: Ամբողջ հավաքագրված գումարը կուղղվի ձեռք բերելու համապատասխան շնչառական սարքեր և դեղորայք:
Վիրուսի հետևանքով մահերի քանակը սարսափեցնող է ողջ աշխարհում. նույնիսկ զարգացած երկրները, ինչպիսիք են՝ Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ը չկարողացան կանխել հազարավոր մարդկային կորուստներ հենց սարքավորումների սակավաթիվ լինելու պատճառով: Վիրուսի բարդացման փուլում անհրաժեշտ է լինում այս ապարատների միացումը, որն օգնում է հիվանդի թոքերի աշխատանքին և փրկում կյանքեր: Մեր երկրում առկա են սակավաթիվ քանակի շնչառական ապարատներ, իսկ հիվանդների քանակն օրեցօր միայն աճում է: Մեր հիմնադրամը լիահույս է, որ կկարողանա ապահովել որոշակի քանակի նոր ապարատներ՝ աջակցելով ՀՀ առողջապահական համակարգին՝ փրկելով մարդկային կյանքեր:
- Արդյո՞ք սա «Թովմասյան բարեգործական հիմնադրամի» առաջին նմանատիպ նախագիծն է, և ինչո՞վ է հիմնականում զբաղվում հիմնադրամը:
- Մեր հիմնադրամը դեռ 1997 թվականից զբաղվում է բարեգործությամբ: Առաջ հայտնի էր որպես «Սոզվեզդեի», 2017-ի մայիսին այն վերանվանվեց, բայց տեսլականը մնաց նույնը. Հնարավորություններ և համապատասխան պայմաններ ստեղծել գիտության, մշակույթի և սպորտի տարբեր ոլորտների զարգացման համար մեր երկրի ու Ժողովրդի համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայկոն, Արթուր Գրիգորյանը, Հարութ Փամբուխչյանը, Սոնա Ռուբենյանն ու այլք՝ «ԹՈՎՄԱՍՅԱՆ» բարեգործական Հիմնադրամի համահայկական առցանց-համերգին
- «ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպում է համահայկական աննախադեպ առցանց բարեգործական համերգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան