Մարուքյան. Շոուների նպատակը մարդկանց սոցիալական խնդիրներից շեղելն է
ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տհաճ ու ոչ ցանկալի է որակում։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարեց, 2012-ից խորհրդարանում է, որևէ անգամ նման միջադեպի մասնակից չի եղել։
«Հիմա հարց է առաջանում Էդմոն Մարուքյա՞նն է պրոբլեմ, թե՞ ուրիշ պրոբլեմ կա։ Եթե Մարուքյանն է պրոբլեմ, էդ ո՞նց եղավ, որ նախկինում նման բան չի եղել»,-ասաց պատգամավորն ու շարունակեց՝ ինքը ոնց աշխատել է, այնպես էլ շարունակում է աշխատել։
Մարուքյանի համոզմամբ, իր գլխավորած քաղաքական ուժի ներկայացուցիչներին ֆեյսբուքում, կայքերում սկսել են հայհոյել այն բանից հետո, երբ իրենք առաջարկել են սոցիալական աջակցություն տրամադրել քաղաքացիներին՝ հայտարարելով, որ դրա համար փող կա։
«Իմ մեղքն այն է, որ ես առաջարկ եմ արել ու լոբբինգ եմ անում դրա համար։ Տեսան բովանդակային քննարկում չի ստացվում, ի դեպ ընդհանրապես էս խորհրդարանում բովանդակային քննարկում չի ստացվում, սիրելի հայրենակիցներ.... մի հատ ճեպազրույցի ժամանակ վիրավորեցին, ելույթներով վիրավորեցին, համբերությանս բաժակը լցվեց, երբ ամբիոնից էլի վիրավորական ելույթ էր հնչում իմ, գործընկերների հասցեին, և սուտ էր պատմվում, իբր օգնության չենք հասել։ Դա սուտ էր, մենք Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել էինք այդ օրերին»,-նշեց Մարուքյանը՝ հիշեցնելով, որ իր գործընկերոջ հասցեին էլ հնչած սեքսիստական բնույթի հայտարարությունն իրեն հունից հանել է։
Մարուքայանը համոզված է, այս ամենն արվում է այն բանի համար, որ մոռացության մատնվեն սոցիալական խնդիրները, մարդիկ մոռանան, որ այս պահին 4300 ընտանիք առանց լույսի, էլեկտրաէներգիայի նստած են։
«4300 ընտանիք լույս չունեն, վաղը նրանց երեխաները չեն կարողանա դասի մասնակցել։ 760 ընտանիք գազ չունի, ցրտին նստած են։ Սա արվում է նրա համար, որ դուք շեղվեք, մոռանաք, որ դուք ունեք փող, որը ձեզ պետք է տրամադրվի, շոուներով փորձելու են շեղել, մենք չենք շեղվի։ Հասկացանք, կյանքներս կերաք, արյուններս խմեցիք, հասկացանք»,-մանրամասնեց նա՝ ավելացնելով, որ իր գործն ու առաջարկները շարունակելու է ներկայացնել, պնդել, որ մարդկանց սոցիալակն օգնություն տրամադրվի։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում միմյանց «քաղաքական տրյապկա» ու «անբարոյականի զավակ» որակեցին
- Ամեն ընտանիքին տալ 100 հազար դրամ, թոշակառուներին էլ՝ հավելյալ թոշակ. Էդմոն Մարուքյանի առաջարկը