Ջանջուղազյանը մերժեց Համազասպ Դանիելյանին
«Առաջարկում ենք հնարավորություն տալ գործադիրին՝ պետական բյուջեից տարբեր ծրագրերին հատկացված գումարի մինչև 10%-ի չափով վերաբաշխում անելու»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Պատգամավորն առաջարկում է փոփոխություն մտցնել կառավարության ներկայացրած «2020 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում։
Հ. Դանիելյանը նշեց՝ ընդդիմադիր խմբակցությունները մտահոգություն են հայտնում, թե առաջարկվող նախագծում կառավարությանը պետական բյուջեի գումարները վերաբաշխելու համար նոր լիազորություններ են տրվում, ինչը հակասում է խորհրդարանական համակարգին։
«Առաջարկում ենք ֆիքսել սահմանաչափ՝ 10%-ի չափով։ Այսինքն՝ գործադիրին հնարավորություն կտրվի տարբեր ծրագրերին հատկացված գումարի մինչև 10%-ի չափով վերաբաշխում անել»,- ասաց Հ. Դանիելյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ներկայացված նախագծով առաջարկվում էր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները չեզոքացնելու համար կառավարությանը հնարավորություն տալ գումարային լրացուցիչ մուտքեր ներգրավելու և նոր ծրագրեր իրականացնելու, որոնք պետական բյուջեի նախագծում ներառված չեն եղել։ Այդ ծրագրերի իրականացման համար կառավարությանը պետք է հնարավորություն տրվեր բյուջեից ՀՆԱ-ի մինչև 5%-ի չափով գումար հատկացնել, որը կազմում է 324 մլրդ դրամ։
«Սա, ըստ էության, վերաբերում էր բացառապես համավարակի հակազդման միջոցառումներին, այսինքն՝ դրանից զատ որևէ վերաբաշխում չէր լինելու։ Կառավարությունն այժմ ունի հնարավորություն ծրագրերին հատկացված գումարները վերաբաշխելու՝ գումարի՝ մինչև 3%-ի չափով, իսկ մենք ուղղակի խնդրում էինք հնարավորություն ընձեռել՝ այդ սահմանաչափը գերազանցելու»,- ասաց Ա. Ջանջուղազյանը։
Ինչ վերաբերում է պատգամավորի առաջարկին, Ա. Ջանջուղազյանը նշեց, որ այն կապ չունի իր ներկայացրած նախագծի հետ, այն ավելի շատ կառուցակարգային խնդիր է լուծում՝ ով պետք է որոշի՝ ԱԺ-ն, թե՞ կառավարությունը։
«Ախր ասում եք՝ ինչքա՞ն տոկոս է ձեզ պետք՝ լիակատար երջանկության համար, 5445՝ ինչպես կասեր հայտնի ստեղծագործոuթյան մեջ Շուռան։ Իսկ այդտեղ ո՞րն է տրամաբանությունը, մենք չգիտենք՝ երբ է ավարտելու այս վիճակը, ինչ է լինելու։ Գուցե այսօր այսքան տոկոս պետք լինի, վաղը՝ այնքան»,- ասաց Ա. Ջանջուղազյանը։
Քննարկման արդյունքում Հ. Դանիելյանը օրակարգից հանեց իր առաջարկը և հանձնաժողովը չքվեարկեց։
Հարակից հրապարակումներ`
- Ինչքանո՞վ է սա խորհրդարանական երկրին հարիր. Գորգիսյան
- Մենք օգտվո՞ւմ ենք մեր արտաքին պարտքի սպասարկման ընթացքը 1 տարի հետ նետելու հնարավորությունից. Բագրատյան
- ՀՀ պետական բյուջեում 324 մլրդ դրամի չափով պակասուրդ կգրանցվի. Ջանջուղազյան
- 2020 թ-ին հարկային եկամուտները կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան