Ամբողջ աշխարհից երգիչների մասնակցությամբ առցանց համերգ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան
Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս տարի Ջազի միջազգային օրվա առիթով ծրագրված տոնակատարությունն ու համերգը Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) անցկացվելու է առցանց։ Դա վերաբերում է նաև մի շարք այլ միջոցառումների, որոնք նախատեսված էին ողջ աշխարհով ապրիլի 30-ին։
Ապրիլի 30-ին Գրինվիչի ժամանակով ժամը 19։00-ին կսկսվի Համաշխարհային համերգն ամբողջ աշխարհից արտիստների մասնակցությամբ։ Գեղարվեստական ղեկավարն է ամերիկացի հայտնի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբի Հենկոկը։ Համերգը հեռարձակվելու է ուղիղ եթեր։
Համերգին մասնակցելու են բացմաթիվ արտիստներ, այդ թվում Իգոր Բուտման, Եվգենի Պոբոժի, Ջոն Մակլաֆլին, Ջեյն Մոնհայտ, Ջոն Բիզլի, Բեն Ուիլյամս, Ջոն Սկոֆիլդ, Յուն Սուն Նա, Ա Բու, Ջոի Դեֆրանչեսկո։
«Երաժշտությունը երջանկություն է պարգևում, այն արձագանքում է իրավիճակներին, որոնք ազդում են ամբողջ աշխարհի վրա։ Ջազն ազատության երջանկություն է, մարդու իրավունք։ Ջազի իններորդ միջազգային օրը, երբ մենք բախվում ենք COVID-19 պանդեմիային, մենք, ինչպես երբևէ, հույսը դնում ենք ջազի վրա, որպեսզի մոտենանք միմյանց»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն։
Ապրիլի 30-ին Համաշխարհային համերգին ընդառաջ կկայանա անվճար կրթական վարպետության դասերի շարք, մանկական միջոցառումներ և պանելային քննարկումներ վեբ գիտաժողովների միջոցով` հայտնի մանկավարժների և ջազ արտիստների մասնակցությամբ։ Այն նույնպես հեռարձակվելու է ուղիղ եթեր։
.
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա