Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները կարող են էլեկտրոնային տարբերակով ուղարկվել
«Առաջարկում ենք, որ վարույթն իրականացնող մարմինները կարողանան իրենց միջնորդություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնել դատարան, այնուհետև նույն եղանակով կարողանան դատարանից ստանալ փաստաթղթերը և ներկայացնել դատախազին»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը՝ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ըստ Ս. Ատոմյանի, ներկայացված նախագիծը հիմնավորված է, քանի որ ներկա կարգավորումներով, վարույթն իրականացնող մարմինը՝ դատարան միջնորդություն ներկայացնելու դեպքում, մեկ անգամ գնում է դատարան և ներկայացնում է միջնորդությունը, այնուհետև այդ միջնորդությունը հիմնավորող փաստաթղթերն է ներկայացնում, դրանից հետո դատարանը նիստ է նշանակում, և վարույթ ընդունող մարմինը ներկայանում է դատական նիստին, ապա դրանից մի քանի ժամ հետո գնում է դատարան՝ որոշումները վերցնելու։
«Այդ պատճառով առաջարկում ենք, որ քննչական գործողություններ կատարելու մասին միջնորդությունները էլեկտրոնային եղանակով դատարան ուղարկելու հնարավորություն ստեղծվի»,- ասաց Ս. Ատոմյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ տեխնիկական հանրավորություն կա՞՝ միջնորդություններն էլեկտրոնային եղանակով ուղարկելու։
Պատասխանելով հարցին՝ Ս. Ատոմյանը նշեց, որ հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները 2019 թվականի նոյեմբեր ամսից արդեն իսկ էլեկտրոնային տարբերակով ընդունվում են, և նույն եղանակով կարող են ուղարկվել քննչական գործողություններ կատարելու մասին միջնորդությունները։
Վ. Վարդանյանն էլ արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ եղանակները շատ են, բայց ուզում էի հստակ հասկանալ՝ որն է լինելու փաստաթղթերի շրջանառության համակարգը»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց՝ քանի որ նախագիծը զուտ պրակտիկ գործունեությանն է վերաբերում, իրեն հետաքրքրում է՝ այն քննարկվե՞լ է պրակտիկ աշխատողների հետ։
Ս. Ատոմյանն էլ վստահեցրեց, որ նախագիծը քննարկվել է ինչպես քննչական մարմինների, այնպես էլ մի քանի դատավորների հետ, և պատասխանը դրական է եղել։