Արցախի նախագահ. 2007-ին արտադրվում էր 90.4 միլիոն կվտ/ժ էներգիա, իսկ 2019-ին այդքան արտահանվել է
«Ես հեռու եմ այն մտքից, թե մեզ հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են մեր պատասխանատվության շրջանակում: Դեռևս անելիքները շատ են»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2020 թվականի հունվարից մինչև ԱՀ Նախագահի լիազորությունների ավարտը ծրագրի կատարման վերաբերյալ հորղորդմամբ։:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, 2019 թվականին հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվել է մեծածավալ աշխատանք, արձանագրվել են դրական ցուցանիշներ և ապահովվել է կայուն առաջընթաց, որի կարևորագույն ցուցանիշներից է 10.3 տոկոս տնտեսական աճը:
Իրականացվել է բավականին մեծ աշխատանք, կյանքի են կոչվել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր:
«Մեր երկիրն անցել է լուրջ դժվարությունների միջով և պատվով հաղթահարել է դրանք: Ինչպես գիտեք, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է: 2007 թվականին այն կազմել է մոտ 70,8 միլիարդ դրամ, իսկ 2019-ին գերազանցել է 342 միլիարդ դրամը:
Եթե 2007 թվականին մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում էր 1490 ԱՄՆ դոլար, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 4 հազար 803 դոլար»,- ասել է նա։
Բակո Սահակյանի խոսքով, եթե 2007 թվականին մեր երկրում արտադրվում էր 90,4 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, ապա 2019 թվականին Արցախի Հանրապետությունից գրեթե այդ չափով էլեկտրաէներգիա միայն արտահանվել է՝ 85,7 միլիոն կիլովատտ/ժամ, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 479,3 միլիոն կիլովատտ/ժամ:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերի իրականացման արդյունքում այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունն ավելացել է ավելի քան 10 հազար մարդով:
Կառուցվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Ավարտին է հասցվել Հյուսիս-Հարավ մայրուղին, կառուցվել է Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղին, շահագործման են հանձնվել և վերանորոգվել բազմաթիվ այլ ճանապարհներ:
Մայրաքաղաք Ստեփանակերտը և հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Փաստ է, որ կերպարանափոխվել են Ստեփանակերտը և Շուշին, տարբեր գյուղեր ու քաղաքներ:
Արցախի նախագահի խոսքով, աշխարհը դինամիկ կերպով փոփոխվում է, առաջ են գալիս նոր մարտահրավերներ: Խնդիրները, որոնք կանգնած են մեր առջև, ոչ պակաս կարևոր են ու պատասխանատու, և դրանց լուծման համար կպահանջվի առավելագույն ջանքերի գործադրում, մեր ողջ ժողովրդի ներուժի համախմբում:
«Միայն միասին կարող ենք հաղթահարել դժվարությունները»,- ընդգծել է Արցախի նախագահը:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ հանրապետության նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ` կբազմապատկեն դրանք և արդյունավետորեն կլուծեն բոլոր խնդիրները՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, քաղաքացիների հուսալի անվտանգության ապահովմանը, և բոլորին մաղթել խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի փառս Արցախի ու նրա ժողովրդի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին