200 մլն դրամի ծառատնկման աշխատանքներին կներգրավվի սոցիալապես խոցելի բնակչությունը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը։
«Միջոցառման նպատակն է կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճար տրամադրել»,- ներկայացնելով ծրագիրը՝ հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը
Ըստ նախարարի, աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղական տեսակների ուռենու տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։
Միջոցառման շահառու են լինելու այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։
«Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար: Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին»,- հայտնեց էրիկ Գրիգորյանը և տեղեկացրեց, որ աշխատանքները կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և հիմնադրամների կողմից։
Մինչև նախագծի միաձայն ընդունումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ իրականացվող ծրագրի արդյունքում ժամանակավոր աշխատանք կունենա 1000 քաղաքացի: