Բակո Սահակյան. Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից
Մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցող ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով պաշտպանության, անվտանգության և բանակաշինության ոլորտներում 2019 թվականին կատարված աշխատանքներին:
«Դա օրվա հրամայական է՝ հատկապես հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները: Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից և շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց քաղաքականություն բոլոր հարթություններում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և այլ ուղղություններով: Դրան դիմակայելու լավագույն միջոցը մեր Զինված ՈՒժերի շարունակական ու հետևողական զարգացումն է, Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը: Մենք միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք արժանի հակահարված տալ մեր հայրենիքի անկախության և անվտանգության դեմ հակառակորդի ցանկացած ոտնձգության»,- մասնավորապես նշել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Աղբյուրի փոխանցմամբ, անցած տարում ծավալուն աշխատանքներ են տարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Մասնավորապես՝ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների բնակարանների բարելավման ծրագրով՝ 21 ընտանիք ապահովվել է բնակարանով, 83 ընտանիքի բնակարանները վերանորոգվել են: Բնակարանով ապահովվել է նաև ՊԲ զինծառայողների և զինվորական թոշակառուների 53 ընտանիք, 6 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման դիմաց փոխհատուցում:
Բ. Սահակյանը նշել է, որ Արցախի Կառավարությունը մշակել է և ներկայումս հաստատման փուլում է գտնվում Պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակներում, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված և տարիքի կամ երկարամյա ծառայության կամ էլ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարան ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու համար անհատույց, պետական, ֆինանսական աջակցության տրամադրման կարգը, համաձայն որի՝ շրջկենտրոններում և գյուղական բնակավայրերում հաշվառված շահառուներին բնակարան գնելու կամ բնակելի տուն կառուցելու համար կտրամադրվեն բնակարանի գնման, կառուցման հավաստագրեր՝ հասանելիք բնակտարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց Շուշի քաղաքում 160 հազար դրամի, իսկ մնացած բնակավայրերում՝ 100 հազար դրամի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին