Նախադեպը չունեցող ծավալով քրեական գործեր են հարուցվել և քննվել. Դավթյան
«Այս պահին մենք տարբեր նախաքննական մարմինների վարույթում քրեական գործեր ունենք՝ նախադեպը չունեցող ծավալներով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով, քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկությունների, ինչպես նաև փաստական տվյալների նախնական վերլուծությունը 10, նույնիսկ 15 տարի թաքցված և արտոնյալ տնտեսական գործունեություն ծավալած սուբյեկտների վերաբերյալ է։
Ա. Դավթյանը նշեց, որ այդ տնտեսական գործունեությունը հաճախ ծավալվել է ֆորմալ առումով՝ շուրջ 100 սուբյեկտների կողմից. «Եվ ձեռք բերված օպերատիվ տեղեկություններն ու փաստական տվյալները վկայում են, որ այդ ամբողջ գործունեությունը որոշակի կենտրոններից է ղեկավարվել, որովհետև սխեման այնպիսին է, որ բնականաբար այդ գործունեության՝ հատկապես արտոնյալ հատվածը, այլ կերպ, քան կազմակերպված եղանակով, չէր կարող իրականացվել։ Սա նախնական վարկած է»։
ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատեց, որ նախադեպը չունեցող ծավալով քրեական գործեր են հարուցվել և քննվել։
«Գումարային շարժերը, ըստ էության, առերևույթ վկայում են, որ այս հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը կազմակերպվել է այնպիսի եղանակով, որ դրա բացահայտման համար խոչընդոտներ ստեղծվեն։ Այդ խոչընդոտները հենց քողարկված եղանակով գործունեության ծավալներով են պայմանավորված։ Ես սա շեշտում եմ, որ հանրության համար պարզ լինի այս գործերի արդյունքների, դրանց նկատմամբ եղած ակնկալիքների հստակությունը։ Իհարկե, այսօր նաև միջազգային համագործակցության ոլորտում են մեծ աշխատանքներ տարվում»։
Ա. Դավթյանը նշեց, որ փուլում որքան առերևույթ հանցագործության վերաբերյալ ապացուցողական բազա հավաքվի, այդ փուլում կսկսվեն հետապնդումներ։
«Մենք ներկայում էլ ունենք որոշակի անձանց նկատմամբ հետապնդումներ, ինչը վկայությունն է նրա, որ արդեն իսկ այդքան դրվագներով ապացուցողական բավարար հենք ապահովվել է։ Այդ ծավալը ահռելի է»,- շեշտեց Ա. Դավթյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան