ԱՄԿ. 2 միլիարդ մարդ կարող է կորցնել իր ապրուստը
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) գնահատել է COVID-19 համաճարակի հետևանքները և եզրակացրել, որ աշխարհի աշխատող բնակչության մոտ կեսը ապրուստը կորցնելու ռիսկի տակ է։ Ակնկալվում է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակը նույնիսկ ավելի կործանարար կլինի զբաղվածության համար, քան առաջինը: Այս մասին գրում է Euronews-ը։
«Մենք հաստատ գիտենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ընդհանուր աշխատանքային ժամերը կկրճատվեն 10,5% -ով։ Սա համարժեք է 305 միլիոն լրիվ դրույքով աշխատատեղերի գլոբալ անհետացմանը», - ասել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:
Ամենադժվար կարանտինային միջոցառումները կանդրադառնան տնտեսության ոչ ֆորմալ հատվածում աշխատող 2 միլիարդ մարդու վրա, որոնք պաշտպանված չեն գործատուի կողմից պայմանագրային պարտավորություններով, մինչդեռ սոցիալական հեռավորության պայմաններում նրանք գործնականում չեն կարողանա գումար վաստակել:
Գործատուների համար ևս հեշտ չէ. Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում շուրջ 436 միլիոն ձեռնարկություն սնանկության եզրին է հայտնվել համաճարակի պատճառով: