Արցախում բենզինի և դիզվառելիքի գները նվազել են
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գնային փոփոխություններ արձանագրած «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների գործունեության, մասնավորապես գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը:
«Հաշվի առնելով, որ ուսումնասիրվող ապրանքատեսակը ներմուծվում է, ուսումնասիրությունն իրականացվել է ձեռքբերման և իրացման գների դինամիկաների, ինչպես նաև ՀՀ-ում տվյալ ժամանակահատվածում գործող գների համադրության համատեքստում:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների իրացման գները նվազել են՝ 1լ բենզինի՝«ռեգուլյար» տեսակի համար՝ 80 դրամ կամ 19.5 տոկոս, «պրեմիում» տեսակի համար՝ 90 դրամ կամ 20.6 տոկոս, 1լ դիզվառելիքի համար՝ 70 դրամ կամ 15.9 տոկոս:
Նույն ժամանակահատվածի համար ՀՀ-ում գործող միջին գները նվազել են համաչափ, որի արդյունքում ՀՀ և ԱՀ միջին գների 20դրամ տարբերությունը պահպանվել է:
Հաշվի առնելով «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող 2 ընկերությունների առկայությունը՝ հանձնաժողովը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել վառելիքի գների փոփոխությունը՝ չհիմնավորված գների կիրառումը կամ պահպանումը բացառելու նպատակով»,-նշված է հաղորդագրությունում: