Գ.Գրիգորյան. Վարակակիրների ռեկորդային աճի համար առնվազն երեք անձ պետք է պատասխանատվության ենթարկվի
«Հայաստանում կորոնավիրուսի վարկակիրների՝ ռեկորդային թիվը պետական մարմինների ապիկարության, աշխատել չկարողանալու, տոտալ ամենաթողության հետևանք է», -Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության կազմակերպիչ, գործող բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
Նա պնդում է՝ իշխանությունը չկարողացավ նույնիսկ օգտագործել 60 օր տևած արտակարգ դրությունը, ապահովել պատշաճ վերահսկողություն, մինչդեռ այդ ընթացքում երկիրն ու բնակչությունը մեծ վնասներ կրեցին։
«Մենք ունեցանք տնտեսության, բնակչության կենսամակարդակի աննախադեպ անկում, արդյունքում արձանագրվեց դեպքերի նույնիսկ ռեկորդային թվով աճ։ Այսինքն, մենք ոչ կարողացանք կանխել վարակի տարածումը, ոչ լոկալիզացնել վարակը»,- ասաց բժիշկը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 134-ով՝ հասնելով 2066-ի։ Աճը նախարար Արսեն Թորոսյանը վատ իմաստով ռեկորդային որակեց։
Գ. Գրիգորյանի խոսքով, հայտարարված ու կիրառված սահմանափակումներն անարդյունավետ դուրս եկան, արդյունքում՝ բնակչության առողջությանը մեծ վնաս հասցվեց։
«Իսկ այս հետևանքների համար պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սկսած առողջապահության նախարարից, ով անլրջացնում էր կորոնավիրուսի դեմ պայքարը՝ այն կոչելով դինոզավրի գրիպ, կատակներ էր անում, որ ինքը Կորեայից նոր է եկել ու չի պատրաստվում թեստ հանձնել, վերջացրած վարչապետով, ով հայտարարում էր, «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»։ Կորոնավիրուսն էն շունն էր, որ Հայաստանում խլեց 30-ից ավելի մարդկանց կյանք։ Այդ կյանքը նրանց խղճի վրա են, ապիկար կառավարման հետևանք են»,-ասաց նա՝ նկատելով, որ ապիկար կառավարման հետևանքներն այսօր զգալի են գրեթե բոլոր ոլորտներում։
Այս առումով նա հիշեցրեց Գավառում տեղի ունեցած դեպքերն ու դրանց հաջորդած վենդետան։
Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ մայիսի 4-ից էական ոլորտները սկսելու են աշխատել։
Գրիգորյանի կանխատեսումներով, սա բերելու է վարակակիրների թվի էլ ավելի մեծ աճի։
«Ընդամենն այս պահին կարող ենք արձանագրել, որ երկու ամիս կորցրեցինք, ու մեր երկրի տնտեսությունը կրեց շատ դեպքերում անվերականգնելի վնասներ։ Միանշանակ, այդ հետևանքների համար պետք է պատասխանատվության ենթարկվեն թե վարչապետը, թե պարետը, թե առողջապահության նախարարը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:
Վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք, 29 առողջացած, 2 մահ։ Մահացածները եղել են 69 և 47 տարեկան, վերջինս ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հարակից հրապարակումներ`
- Հավանաբար շուտով կանցնենք առանց ախտանիշների հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը. Թորոսյան
- ԱՆ. Մահացած վարակակիրներից մեկը 47 տարեկան է
- 30.04.2020. 134 նոր վարակակիր, 29 բուժված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան