Թուրքիան արձագանքել է լիբիացի գեներալ Հաֆթարի հայտարարությանը
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել Է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարի այն հայտարարությանը, որ երկրի կառավարումն անցնում է բանակին:
Նախարարության գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ Հաֆթարը չի ցանկանում ճգնաժամային իրավիճակը լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով, չի աջակցում իրավիճակի հաղթահարման շուրջ միջազգային ջանքերին, ներառյալ հունվարին Բեռլինի համաժողովում ընդունված որոշմանը և նրա նպատակն է Լիբիայում ստեղծել ռազմական դիկտատուրա։ Այս մասին գրում է ermenihaber
Անդրադառնալով Լիբիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ չնայած լիբիացի ժողովուրդն ունի բժշկական պարագաների անհրաժեշտություն, Հաֆթարի ուժերն արգելում են դրանց մատակարարումը։
«Քանի դեռ ուշ չէ, միջազգային հանրությունը պիտի անհրաժեշտ պատասխանը տա այս անձին, որովհետև այլևս որևէ կասկած չկա, որ նա մտադիր է Լիբիայում ձևավորել խունտայի ռեժիմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիան վերահաստատել է իր աջակցությունը Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել էր, որ դուրս է գալիս 2015-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը:
Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ Հաֆթար․ Լիբիայի կառավարումն անցնում է բանակին
- Էրդողանը հրաժարվում է բանակցել Հաֆթարի հետ Լիբիայի հարցով
- Էրդողանը մեղադրել է Հաֆթարին Լիբիայում հրադադարը խախտելու մեջ
- Լավրով․ Հաֆթարն ու Սարաջը չեն ցանկանում նույնիսկ գտնվել նույն սենյակում