Մայիսի 1-ին ընդառաջ. Չգնահատված հանրային ծառայողներ, ցածր վարձատրություն, անհավասարություն
Այս տարի մայիսի 1-ին՝ աշխատողների համերաշխության միջազգային օրը, աշխարհի արհմիությունները առաջին անգամ վերջին 130 տարվա ընթացքում չեն կազմակերպում զանգվածային միջոցառումներ։ Հայաստանյան արհմիությունները ևս խախտել են վերջին 9 տարում ձևավորված ավանդույթը` նշել մայիսի 1-ը փողոցում։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիությունը նշում է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը առավել ընդգծեց հանրային ծառայությունների աշխատակիցների դերը։
«Երկար տարիներ ՀՀ իշխանությունները անտեսել են հանրային ոլորտը, համակարգորեն զրկելով այն բավարար ֆինանսավորումից ու աջակցությունից։ Մեկը մյուսի հետևից փոխվող կառավարությունները պարբերաբար սպառնացել են կրճատել պետական ապարատը և դա անել աշխատողների հաշվին։
Նման գործելաոճի հետևանքով տարիների ընթացքում ձևավորվել է այն, ինչ ունենք այսօր՝ չգնահատված հանրային ծառայողներ, ցածր վարձատրություն, սոցիալական լարվածություն ու անհավասարություն։
Տարրական պայմաններ չունեցող պետական կազմակերպություններ և մինիմալ աշխատավարձով աշխատող ծառայողներ մի կողմից, որոնց շնորհիվ գոյություն ունի պետությունը, և մեծ հարստություն կուտակած և հարկային արտոնություններ ստացած «գործարարներ» մյուս կողմից, որոնց համար առաջնայինը ոչ թե պետականությունն է, այլ անձնական շահը։ Վրա հասած ճգնաժամը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հանրային ծառայությունները չի կարելի դիտարկել շահույթ ստանալու աղբյուր։
ՀՀ կառավարությունը որպես քաղաքական կարևորագույն ուղենիշ է հռչակել տնտեսական հեղափոխությունը, սակայն պետք է հիշել, որ նշված հեղափոխությունն անհնարին է առանց դրա մեջ ներգրավված երկրորդ կողմի՝ աշխատողի։ Գործարարներն ու ներդրումները չեն կարող ո՛չ հավելյալ արժեք, ո՛չ հանրային բարիք և ո՛չ էլ տնտեսական ներուժ ստեղծել իրենք իրենցով՝ առանց աշխատողների։ Հենց աշխատո՛ղն է այս համակարգի ողնաշարը և ցանկացած ձեռքբերում միայն նրա շնորհիվ կարող է լինել։
Այս օրերին Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում հենց հանրային ծառայությունների աշխատողներն են առաջնագծում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ նրանք են ապահովում պետական ծառայությունների բնականոն աշխատանքը, վտանգելով իրենց առողջությունը։
Մենք շնորհակալ ենք հանրային ծառայողներին և հանրային ծառայությունների աշխատակիցներին իրենց աշխատանքի համար։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին այսուհետ հնարավորինս զերծ մնալ նախկինում որդեգրված կրճատումների, մասնավորեցման և աութսորսինգի քաղաքականությունից, ապահովել փոխադարձ վստահության մթնոլորտը, հիմնվել սոցիալական երկխոսության և եռակողմ բանակցությունների վրա»,-ասված է տարածած հայտարարության մեջ։