Ոնց որ գնանք ֆինանսավորենք հին տեսակի զապառոժեցները. Տիգրան Ավինյան
«Կարծես այն վիճակն է, երբ ունենք նոր տեսակի մեքենա ու ոնց որ գնանք ֆինանսավորենք հին տեսակի զապառոժեցները»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշումը, որով առաջարկվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ավանդական այգիներ հիմնողներին:
Ավինյանը հայտարարեց, որ պետք է զարկ տրվի ինտենսիվ այգիների ֆինանսավորմանը, եթե գնում են ավանդական այգիների ֆինանսավորմանը, ապա պետք է հիմնավորվի: «Քանի որ ավանդական այգու դեպքում 4 տարի է պետք բերքատվության համար, ինտենսիվի դեպքում երկու տարի է պետք: Հետևաբար, անիմաստ է այն ֆինանսավորել և պետք է ֆինանսավորել այն, ինչը էֆեկտիվ է»,- հայտարարեց Ավինյանը:
Էկոնոմիկայի նախարարը գտնում է, որ դեղձի և ծիրանի ավանդական այգիներ տնկելու այլ էֆեկտիվ գործիք չկա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ տեղական տեսակների համային հատկություններն ավելի լավն են, քան ներմուծվածներինը և ճիշտ է համարում ավանդական այգիների տնկման ֆինանսավորումը:
Հայաստանի հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի նախագիծը, ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, խթանելու է տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը ու ավանդական այգու հիմնման համար առավել նպաստավոր պայմաններ է նախատեսում:
Նախարարը տեղեկացրեց, որ փոփոխությամբ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի վերին շեմը 15 մլն դրամից հասցվել է մինչև 50 մլն դրամի:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը սահմանված մեխանիզմների որոշ փոփոխություններով, իրականացվում է սկսած 2017 թվականից։
Տեղեկացնելով՝ անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ ծրագրի նկատմամբ հանրապետությունում ձևավորվել է բավականին մեծ հետաքրքրվածություն՝ նախարարը հայտնեց, որ 2019 թվականի ընթացքում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով, իսկ միայն 2020 թվականի առաջին եռամսյակում՝ 1638 միավոր վարկ՝ շուրջ 6.7 մլրդ դրամ գումարով։
Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը: