Փաստաբան. Պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա.Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր
Այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա.Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր, հակառակ դեպքում նյութերը ՀՔԾ-ին փոխանցելը առնվազն տարօրինակ է: Նման գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ԱԺ փոխնաժագահի կողմից հարձակման հետևանքով վնասվածքներ ստացած, «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանեիլյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նա գրել է.
«Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց լրագրողներին, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը:
Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի 6-րդ մասի համաձայն նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:
Այսինքն, այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա.Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր, հակառակ դեպքում նյութերը ՀՔԾ-ին փոխանցելը առնվազն տարօրինակ է: Այս գործով ՀՔԾ-ն շանս ունի առնվազն մասամբ ազատվելու իշխանության մահակ լինելու ձևավորված պիտակից և իրականացնելու օբյեկտիվ քննություն, քանի որ արդեն իսկ բավականաչափ փաստական տվյալներ ունեն դեպքի մասին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ ստեղծված նյութերն ուղարկվել են դատախազություն։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանն իրեն դրսևորել է արժանապատիվ ձևով. Մակունց
- Ոստիկանություն. Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի նյութերն ուղարկվել են դատախազություն
- Տիգրան Աթանեսյան. Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա
- Ալեն Սիմոնյան. «Ես ասացի, բարև Արթուր, պատասխանեց՝ բարև, բ...-ի տղա»
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը կտեսակցի Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին