Ինչպես և ինչ սկզբունքով են անցնելու բուհական ընդունելության քննությունները
«Որոշումներն ընդունում ենք՝ առաջնորդվելով դիմորդի, նրա ծնողի և ուսուցչի շահերից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բուհերի ընդունելության կարգին։
Նա նշեց, որ իրականացվելու է դիմորդների նոր հայտագրում՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Նախարարը տեղեկացրեց, որ միասնական քննության համար ԳԹԿ կայքում ստեղծվել է էջ։
«Եվ եթե դիմորդներն արդեն 3-4 քննության համար գումար են վճարել, ապա նրանց գումարները կվերադարձվի և կպահվի միայն մեկ քննության համար նախատեսված 1500 դրամը»,- ասաց նախարարը։
Ներկայացնելով ընդունելության ընթացակարգը՝ Ա. Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր դիմորդ ընդունելության դիմում-հայտում հայտագրում է մասնագիտություններն՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի. «Դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի մինչև 2 անվճար, և մինչև 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրված բոլոր մասնագիտությունների համար միևնույն առարկայից է քննություն հանձնում»։
Նախարարը նշեց, որ շատ կարևոր փոփոխություն է, որ այս քննություններով կարևորվում է մասնագիտության ընտրությունը։ Այսինքն՝ եթե դիմորդն ուզում է ընդունել, օրինակ, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, ապա նա իր հայտում նշում է արաբագիտություն բաժինը՝ անվճար/վճարովի.
«Բոլոր դիմորդները քննությունների են մասնակցում՝ իրենց ընտրած մասնագիտության համար։ Եվ քանի դեռ արաբագիտություն մասնագիտության համար դիմած բոլոր դիմորդներն իրենց տեղերը չեն լրացրել իրենց իսկ ընտրած մասնագիտության բաժնում, այլ մասնագիտությունների համար դիմածները, եթե նույնիսկ ավելի բարձր գնահատականով գան, չեն կարող մասնակցել արաբագիտության բաժնի համար նախատեսված մրցույթին։ Սա սկզբունքային շատ կարևոր հարց է, որ մենք այլևս կարևորենք մասնագիտությունը»։
Ընդունելության քննություններն անցկացվելու են մեկ փուլով՝ հուլիս ամսվա առաջին տասնօրյակում։ Եվ ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության առավելություն տրվում է հետևյալ կարգով. «Եթե դիմորդը հայտ է լրացրել արվեստաբանության բաժնում սովորելու համար, և այնտեղ այլ դիմորդի հետ ունի հավասար 16 միավոր, ապա առավելություն տրվելու է այն դիմորդին, ով 1. մեդալակիր է, 2. կամ արվեստի գծով միջազգային/հանրապետական մրցույթների հաղթող է եղել, 3.հանրակրթական ուսումնական հաստատությունում 1-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցական հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ է ստացել, 4. Ավարտական փաստաթղթում բարձր գնահատական ունի։ Եվ եթե դիմորդն առաջ պետք է 2-3 առարկաներից քննություն հանձներ, ապա այժմ մեկ առարկայից է քննություն հանձնում, իսկ նախատեսված մյուս առարկաների գնահատականները վերցվելու են դիմորդների ատեստատներից»։