Առաջարկվում է արգելել կենդանիներին դեղային կերեր տալը
«Առաջարկում ենք կերի մասին օրենքից հանել դեղային կեր եզրույթը»,- ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Կերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ այսօր ամբողջ աշխարհում պայքար է տարվում հակաբիոտիկների անհարկի օգտագործման դեմ, և գաղտնիք չէ, որ աշխարհում արտադրվող հակաբիոտիկների 50%-ը օգտագործում է անասնաբուծության և անասնաբուժության մեջ։
Ըստ նրա, կենդանիներին և թռչուններին տրվող հակաբիոտիկները, կուտակվելով մսեղենի մեջ, սննդային շղթայով անցնում են մարդկանց օրգանիզմ և հետագայում խնդիրներ ստեղծում մարդկանց հիվանդությունների դեմ պայքարում։
Տ. Գաբրիելյանի խոսքով, առաջարկվող փոփոխության պատճառն այն է, որ «դեղային կեր» արտահայտությունը տարընկալումների տեղիք է տալիս, և հնարավորություն ստեղծում, որ անտիբիոտիկներով հագեցած կեր ևս ներմուծվի.
«Հիմա ԵԱՏՄ շրջանակում քննարկվում է կեր հասկացությունը, և մենք էլ ուզում ենք կեր հասկացությունը մեկնաբանել այնպես, ինչպես ներկայացնում է ԵԱՏՄ-ն»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասաց, որ ձևակերպման մեջ նշվում է՝ սինթետիկ ծագման արտադրանք, ի՞նչ է դրա մեջ պարունակվում։
Պատասխանելով հարցին՝ Տ. Գաբրիելյանը նշեց, որ այդ ծագման կարող են լինել վիտամինները, և հիմնականում դրա մասին է խոսքը։
Վ. Կարապետյանն էլ հարցրեց՝ այդ դեպքում կազմակերպությունն ինչպե՞ս տարբերի մի սինթետիկ ծագման արտադրանքը մյուսից։
Ի պատասխան Տ. Գաբրիելյանը նշեց, որ արտադրանքը լինում է կամ սինթետիկ ծագման, կամ՝ բնական. «Վիտամինը այսպես թե այնպես վիտամին է, անկախ նրանից, թե ինչ ծագում ունի։ Ինչ վերաբերում է անտիբիոտիկներին, մենք չենք բացառում կենդանիներին հակաբիոտիկներ տալը, քանի որ կան դեպքեր, երբ դրա անհրաժեշտությունը կա՝ տնտեսությունը պահելու համար, սակայն պետք է ժամկետներ նշվեն, թե որ հակաբիոտիկի օգտագործման դեպքում քանի օր հետո կարելի է կենդանու միսը, կաթն ու ձուն օգտագործել»։