Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է շուրջ 54,9 մլրդ դրամ
Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկեց զեկուցել օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում ընդգրկված նախագիծը և տեղեկացրեց, որ նախագծի ընդունման արդյունքում ևս 36 հազար շահառու կօգտվի 8-րդ միջոցառումից:
Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով 8-րդ միջոցառման մեջ կատարված փոփոխությունները, տեղեկացրեց, որ ընդլայնել են ոչ միայ ոլորտներն, այլև շահառուների մեջ ընդգրկել են նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին:
8-րդ ծրագրից այսուհետ կարող են օգտվել նաև նախկինում բացառություն համարված համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության մեջ ներգրավված քաղաքացիները:
Նախարարն ասաց, որ ծրագրով 2 մլրդ դրամ կհատկացվի և քաղաքացիները կարող են դիմել արդեն մայիսի 4-ից:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ հայտնեց, որ նույն որոշման մեջ ներառված մյուս կետով «Կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և Անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 507-Լ որոշման մեջ «ապրիլի 1» բառը փոխարինվել է «մայիսի 5-ի» բառով, ինչը նշանակում է, որ նախկինում ՊԵԿ ներկայացրած դիմումներում գործունեության տեսակի դասիչը սխալ ներկայացրած անձինք, կարող են մինչև մայիսի 5-ը ճշտել իրենց գործունեության տեսակը և ուղղած տարբերակը ներկայացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց ծրագրերից օգտվածների վիճակագրական տվյալները. «Այս պահի դրությամբ բաշխվել է 54.9 մլրդ դրամ: Շահառու տնտեսվարողների թիվը 22 հազար է, իսկ շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է 775 հազար մարդ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ 14-րդ ծրագրով օժանդակություն ստացածների թվին կարելի է ավելացնել մոտ 4 հազար շահառու ուսանողի: