Արցախում տանկային բրիգադի զինծառայողները հաղթահարել են արգելագոտու քարքարոտ, հրդեհային, ջրային տեղամասերը
ՊԲ-ի առանձին տանկային բրիգադներից մեկի զինծառայողները, անձնակազմի հոգեբանական պատրաստության համալիր ծրագրի շրջանակներում, ապրիլի 30-ին ներգրավվել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման վարժանքներում, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների բարոյամարտական որակները, վերջիններիս մոտ հաղթահարել վախը, խուճապային տրամադրությունները և մարտի հավանական ելքի վրա ազդող այլ հոգեբանական խոչընդոտներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցկացվող միջոցառման ուսումնական նպատակներին ծանոթանալուց հետո պարապմունքի մասնակիցներն անմիջապես անցել են առաջադրված խնդրի կատարմանը:
Արգելագոտում ներառված են քարքարոտ և հրդեհային տեղամասեր, ջրային արգելք, փշալարային անցում և այլ գոտիներ, որոնք հաղթահարելուց հետո զինծառայողը նռնակների և հրաձգային զենքի օգնությամբ խոցում է պայմանական հակառակորդին: Պարապմունքի ամբողջ ընթացքը ուղեկցվել է ձայնային համապատասխան ազդանշաններով և տանկի ու հետևակի մարտական մեքենայի շարժերով, որոնք ուժեղացնում են պայմանական մարտի հոգեբանական ազդեցությունը պարապմունքի մասնակիցների վրա:
ՊՆ-ից հավելում են, որ հոգեբանական արգելագոտու հաղթահարումը արդեն իսկ ներառված է անձնակազմի համալիր պատրաստության ծրագրերում և նման պարապմունքներում ընդգրկվում են բոլոր ժամկետային զինծառայողները: