Իրանի նավատորմի հրամանատարը ԱՄՆ-ի հետ միջադեպը բացատրում է զորավարժությունների տարածք ամերիկացիների ներխուժմամբ
Ամերիկյան նավերի և իրանական մարտական նավակների միջև միջադեպը տեղի է ունեցել ռազմական զորավարժությունների տարածք ամերիկյան ուժերի ներխուժման պատճառով: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար (IRGC, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ալիռեզա Թանգսիրին:
«Նրանք ներխուժեցին այն տարածք, որտեղ մենք անցկացնում էինք նախօրոք հայտարարված զորավարժությունները»,- նրա խոսքը ներկայացրել է Tasnim-ը:
Թանգսիրին ասել է, որ Միացյալ Նահանգները իրենց գործողություններով փորձեցին խաթարել անվտանգությունը, ուստի նրանց պարտադրվեց հեռանալ:
ԱՄՆ հինգերորդ նավատորմի մամուլի ծառայությունն ապրիլի 15-ին հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական նավակները վտանգավոր մանևրեր են իրականացրել Պարսից ծոցի մի քանի ռազմանավերի մոտ:
Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը Ռազմածովային նավատորմին հրահանգել է ոչնչացնել իրանական ցանկացած մոտորանավ, որը ծովում կխոչընդոտի ամերիկյան նավերին: