ԱՄՆ-ում կրակել են Կուբայի դեսպանատան ուղղությամբ
Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան ուղղությամբ կրակելու դեպքից հետո Պետդեպարտամենտը վերահաստատել է դիվանագիտական առաքելությունների անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ արտգործնախարարության ներկայացուցիչը:
«Մենք կարող ենք հաստատել, որ Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան ուղղությամբ հինգշաբթի կրակահերթ է արձակվել, ոչ ոք չի տուժել: Դեսպանությունը հայտնել է շենքին հասցված վնասի մասին: Հրաձգի ինքնությունը պարզվել է: Դիվանագիտական անվտանգության ծառայությունը, Գաղտնի ծառայությունը, Ալկոհոլի, ծխախոտի, զենքի և պայթուցիկ նյութերի բյուրոն և Վաշինգտոնի ոստիկանությունը համատեղ հետաքննություն են իրականացնում»,- հայտնել են գեարատեսչությունից:
«Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, մենք պատասխանատվություն ենք կրում դիվանագիտական առաքելություններ ներխուժումից, վնասելուց և սպառնալիքներից պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար», - ասել են Պետդեպարտամենտից:
Հինգշաբթի երեկոյան տղամարդը կրակ էր բացել Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան շենքի վրա: Արդյունքում ոչ ոք չի տուժել, բայց շենքը վնասվել է: Ինչպես նշել էին ոստիկանությունից, ամենագնացը, որը հավանաբար կասկածյալինն է, կայանված է եղել դիվանագիտական առաքելության կողքին, որի մեջ հայտնաբերվել է ամերիկյան դրոշ և սպիտակ դիմակ: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունում, պարզվել է հրաձիգի ինքնությունը, նա Տեխասի 42-ամյա բնակիչ է և գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է սպանության նպատակով հարձակման համար: