Աշակերտի ծնողը գումար չի ունեցել ինտերնետի համար և ուսուցիչներն են վճարել, որ երեխան սովորի. ուսուցիչ
«Ցանկացած պարագայում խնդիրներն անխուսափելի էին, քանի որ որոշումները ընդունվել են արտակարգ դրության պայմաններում: Ոչ միանշանակ և խնդրահարույց կետեր լինելու էին»,- «Հոդված 3» ակումբում տեսակապով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով իրականացվող հեռավար կրթության ընթացքը:
Փոխնախարարը նկատեց, որ հիմնականում քննադատության է արժանացել նախարարության այն որոշումը, ըստ որի, տարին ամփոփվելու է մինչև հեռավար ուսուցմանն անցնելը նշանակված գնահատականների հիման վրա:
Անդրեասյանը շեշտեց, որ այդ որոշման հիմքում ընկած է «կրթությունը բոլորի համար» սկզբունքը, որը սահմանված է նաև Սահմանադրությամբ, իսկ հեռավար կրթությանը չեն կարողացել մասնակցել և գնահատվել աշակերտների 15-20 տոկոսը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս իրավիճակում նախարարությունը խրախուսում է աշակերտներին և եթե նրանք մինչև մարտի 13-ը չունեն գնահատական, ապա տարեկան գնահատականը կլինի նախորդ կիսամյակի արդյունքը, իսկ եթե ունեն մեկ գնահատական, ապա կարող են ընտրել դրա և նախորդ կիսամյակի գնահատականների միջև:
Գնահատումները կլինեն հօգուտ աշակերտի, օրինակ, եթե աշակերտը ստացել է 6.1 միավոր, ապա այն կմիջինացվի մինչև 7:
«Կարգավորումներ ենք նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ աշակերտը ունեցել է 1-3 միավոր: Գիտեք, որ բարձր դասարան փոխադրվելու բավարար միավորային շեմը 4-ն է և այդ որոշումները բոլոր դեպքերում հօգուտ աշակերտի կկայացնենք, և հնարավորություն կտանք բոլոր սովորողներին փոխադրվել հաջորդ դասարան»,- հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարարը:
Հայտնելով, որ այս իրավիճակում Հայաստանում կիրառվել են այնպիսի որոշումներ, որոնցով առաջ են գնացել նաև եվրոպական երկրները՝ փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում առկա ուսումնական գործընթացից զրկված է եղել 1.5 մլրդ աշակերտ:
«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նկատեց, որ եղել են դեպքեր, երբ ուսուցիչները չեն կարողացել համակարգչային ծրագրով գնահատականները ներմուծել էլեկտրոնային մատյաններ, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ և դրանց համար գումարներ են ծախսվել:
Ըստ բանախոսի, արդյունավետ լուծումների համար պետք է ամբողջական և համապարփակ դիտարկվի իրավիճակը՝ գնահատելով աշակերտի, ուսուցչի և դպրոցի կարիքները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հայտարարեց, որ բազմաթիվ զանգեր է ստանում մարզերից, որոնց հեղինակները դժգոհություն են հայտնում, որ հեռավար կրթության արդյուքները հաշվի չեն առնվում տարեկան գնահատումների ժամանակ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն են ունեցել հարցեր հնչեցնել և ստանալ դրանց պատասխանները:
Տեսակապին մասնակցող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշխեն Թանդարյանը հայտարարեց, որ հեռավար ուսուցում կազմակերպելու ժամանակ եղել է սոցիալական խնդրի գործոն, երբ աշակերտի ծնողը գումար չի ունեցել ինտերնետի համար և ուսուցիչն է վճարել, որ երեխան սովորի:
Թանդարյանը հայտարարեց, որ ուսուցիչների համար ինֆորմացիայի պակաս կա. «Իմ համար նորություն էր, որ 6.1 գնահատականը միջինացվում է 7-ի: Ինձ նաև հետաքրքրում է, թե ինչպես պետք է հասցնենք վերականգնել բաց թողնված դասաժամերը կամ հեռավար դասերի չմասնակցած աշակերտները ինչպես պետք է մյուս աշակերտների հետ զուգահեռ հասցնեն վերականգնել գիտելիքները»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատեց, որ այս պահին համակարգային փոփոխությունների մասին չեն կարող խոսել, քանի որ ոլորտը չունի կրթության զարգացման ծրագիր և 5 տարի անորոշության մեջ լողում է ու իրավիճակային լուծումներով առաջ շարժվում:
Բայց փորձագետը դրական միտումներ է տեսնում հեռավար կրթության կազմակերպման մեջ. «Այս երկու ամսվա ընթացքում կրթության համակարգի ուսուցիչների և աշակերտների թվային գրագիտության մակարդակը ավելի բարձրացավ, քան նախորդ տարիներին միասին վերցված»:
Խաչատրյանը դրական համարեց, որ նախարարությունը հեռավար դասերի ծրագրի իրականացման ընտրությունը թողել էր ուսուցիչներին՝ վստահելով նրանց, բայց ճիշտ չի համարում, որ վերջնական գնահատականների ամփոփման հնարավորությունը չի թողնում ուսուցիչներին, այլ արվելու է կենտրոնացված ձևով:
Անդրադառնալով այն ցուցանիշին, որ աշակերտների 20 տոկոսը դուրս է մնացել հեռավար կրթության պրոցեսից՝ փորձագետը նկատեց, որ մինչ համաճարակը նույնպես նման աշակերտների քանակը բարձր է եղել և խնդիրը պետք է համակարգային լուծվի:
Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ չնայած լուծումները իրավիճակային են, բայց տեղավորվում են այն համակարգային տրամաբանության մեջ, որով նախարարությունը գնալու է:
Փոխնախարարը խորապես ցավում է, որ այսօր հանրությունը և փորձագետները բողոքում են միայն գնահատման այդ համակարգից, երբ իրականացվել է մեծ ծավալի աշխատանք: