Կորոնավիրուսն աշխարհին ստիպել է վերանայել Մայիսի 1-ի տոնակատարությունները
Աշխարհի ծառայողներն ու աշխատավորները կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի ստիպված են եղել կրճատել Մայիսի 1-ի տոնակատարությունների մասշտաբները, միջոցառումները տեղափոխել համացանց կամ փոխել դրանց ձևաչափը: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այսօր հայտնել են արևմտյան լրատվամիջոցները:
Ֆրանսիա
Ֆրանսիայում, որտեղ սոցիալական մեկուսացման միջոցառումները դեռ չեն հանվել, աշխատավորները տոնը նշելու են սոցիալական ցանցերում կամ պատշգամբներից վանկարկելով:
«Սա մեզ համար առիթ է բարձրաձայնելու այն պահանջների մասին, որոնք մենք երկար ժամանակ պաշտպանում ենք, և որոնք վեր հանեց այս ճգնաժամը»,- ասել է Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի (CGT) քարտուղար Ֆիլիպ Մարտինեսը:
Ինդոնեզիա
Ինդոնեզիայում փողոցային բողոքի գործողությունները չեղարկելուց հետո արհմիությունները կոչ են անում քննարկվող օրինագծի դեմ բողոքի ակցիաները տեղափոխել համացանց: Օրինագծով գործատուների համար աշխատողներին աշխատանքից ազատելու գործընթացն է հեշտացվում:
Հունաստան
Հունաստանում կառավարությունը կոչ արեց մեկ շաբաթով հետաձգել հավաքները, սակայն ցուցարարները, ի վերջո, հավաքվել են Աթենքի Սահմանադրության հրապարակում: Ակցիայի կազմակերպիչները կրել են դիմակներ և ձեռնոցներ և 2 մ հեռավորության վրա շրջանագծել են այն վայրերը, որտեղ մասնակիցները կարող էին կանգնել:
Չեխիա
Չեխիայում ակտիվիստները ծրագրել են կազմակերպել, այսպես կոչված, «աղմկոտ բողոքի ակցիա», որի մասնակիցները շեփորներ կհնչեցնեն, կխփեն հարվածային գործիքներին՝ բողոքելով համաճարակի կանխարգելման ուղղությամբ պետության կողմից իրականացվող գործողությունների դեմ:
Հարյուրավոր չեխեր, որոնք աշխատանքի էին անցել Գերմանիայում և Ավստրիայում ,մտադիր են հավաքվել սահմանային անցակետերից մեկում և բողոքել աշխատանքի վայր հասնել չկարողանալու համար:
Թուրքիա
Associated Press գործակալության հաղորդմամբ, Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք փորձել են երթ իրականացնել ընդդեմ մեկուսացման միջոցառումների: Ձերբակալվել է 15 մարդ:
Չինաստան
Հոնկոնգում ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բերվել են բարձր պատրաստվածության աստիճանի այն տեղեկությունների պատճառով, ըստ որոնց, տեղական ընդդիմությունը պատրաստվում է ցույցերի:
Հարավային Աֆրիկա
Հարավային Աֆրիկայում տիրում է տոնական մթնոլորտ, որտեղ Մայիսի 1-ը համընկել է սահմանափակումների վերացման սկիզբի հետ: Բնակիչներին թույլատրվել է փողոց դուրս գալ, ակտիվ գործունեություն ծավալել, իսկ որոշ քաղաքացիներ սկսել են վերադառնալ աշխատանքի:
Բանգլադեշ
Բանգլադեշում, չնայած կորոնավիրուսի դեպքերի թվի ավելացմանը, տնտեսական գործունեությունը վերսկսվում է: Մեկ ամսվա անգործությունից հետո իշխանությունները թույլ են տվել սահմանափակ անձնակազմով 850 կարի ֆաբրիկայի աշխատանքները:
ԱՄՆ
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգներում սպասվում են ծառայությունների ոլորտների աշխատողների բողոքի ակցիաները, որոնք կպահանջեն համաճարակի պայմաններում բարելավել իրենց անվտանգությունը: Նախատեսված են նաև սահմանափակման միջոցառումների հակառակորդների ցույցեր: Ըստ ակտիվիստների, սահմանափակումները ոչնչացնում են ամերիկայի տնտեսությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան