ԳԹԿ-ն ներկայացրել է միասնական քննությունների անցկացման կարգը
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ: 2019-2020 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն: Այս մասին տեղեկանում ենք ԳԹԿ պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար դիմորդը պետք է ներկայացնի 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի, նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենը։ Ինչպես նաև յուրաքանչյուր քննության մանակցելու համար դիմորդը պետք է ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվի համարին փոխանցի 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Վճարումը կարելի է կատարել ցանկացած բանկում:
«Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները` պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք։
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները»,- ասվում է հայտարարության մեջ:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2020 թվականի մարտի 15-ն է:
«Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին հանձնվող միասնական քննություններն են:
Լրացուցիչ փուլն անցնելու է տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում։ Դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին հանձնվող քննություններն են, որին կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, նույն տարվագարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները: Փաստաթղթերն ընդունվում են գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում, բուհում՝ հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18։00-ն»,- նշված է ԳԹԿ հաղորդագրությունում: