Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ավելի քան 80 քաղաքացի
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակներում, ապրիլի 29-ին ավտոբուսներով Հայաստանից Վրաստանի տարածքով կազմակերպվել է ռուսաստանցիների տեղափոխում:
Աշխատանքներն իրականացրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ սերտ համագործակցելով ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների հետ, Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գլխավորությամբ, ինչպես նաև հայկական կողմի ակտիվ օժանդակությամբ:
Տրանսպորտային միջոցներով 84 մարդ կարողացել է վերադառնալ տուն: Այս մասին հաղորդվել է Facebook-ում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան էջում:
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ռուսաստանցիներին ուղեկցել են հայ-վրացական սահման և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել այն հատելու համար:
Այս պահին մշակվում է Վրաստանի տարածքով ավտոբուսներով տարանցում կազմակերպելու հնարավորությունը Ռուսաստանի քաղաքացիների հերթական խմբի համար:
Մենք շնորհակալություն ենք հայտնում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին` տրամադրած տրանսպորտային միջոցների համար», - ասվում է հայտարարության մեջ: