Փաշինյան. Բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով։ Կառավարության պաշտոնական էջում հրապարակված ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, և մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով:
Աշխատանքը նաև մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է և այդ համագործակցության շնորհիվ է ստեղծվել ժամանակակից քաղաքակրթությունը: Եւ ուրեմն, աշխատանքի կարևորագույն էությունը ոչ միայն առկա հնարավորություններից օգտվելն է, այլև ուրիշների համար հնարավորություն ստեղծելը:
Իմ ցանկությունն է, որ բոլորս հենց այսպես ընկալենք աշխատանքը, որովհետեւ շարունակում եմ համոզված մնալ, որ անհատական ջանքը եւ այդ ջանքի արգասիք աշխատանքն է մեր բոլոր խնդիրների լուծման բանաձեւը: Առանձնապես կարևոր է աշխատանքի արդյունավետությունը, իսկ դա անհնար է առանց կրթության՝ իմացությունների, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացման: Կրթությունն էլ իր հերթին աշխատանք է և ուրեմն մեր բոլոր հարցերի լուծումը տեսնում եմ կրթություն-աշխատանք-կրթություն բանաձևով:
Սիրելի՛ ժողովուրդ,
Այս տարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված շատերն աշխատում են հեռավար, շատերը՝ ավելի ծանրաբեռնված և ռիսկային պայմաններում:
Մեծ գնահատանքի են արժանի առողջապահության, իրավակարգի պահպանության, պետության անվտանգության, սննդամթերքի, բժշկական պարագաների ևդեղամիջոցների արտադրության և ներկրման ոլորտներում աշխատողները, որոնց գործունեության արդյունքում ապահովվում է երկրի կենսագործունեությունը՝ ճգնաժամային պայմաններում:
Մեծ գնահատանքի են արժանի նաև այն բոլոր գործատուները, ովքեր ի հեճուկս տնտեսական դժվարությունների՝ շարունակում են պահպանել աշխատատեղերը, չեն գնում կրճատումների ու նաև օգտվելով կառավարության հակաճգնաժամային ծրագրերից՝ աշխատանքներ են տանում վնասները նվազագույնի հասցնելու և հետագա զարգացման ուղղությամբ:
Հայաստանի կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է տնտեսության զարգացման իր հետևողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց:
Մեր հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց և ընկերություններին, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ:
Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլև օգտվեցինք այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում, երբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը և աջակցության կարիք ունի: Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է, և բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը և աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ: Եւ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու ստեղծարար տաղանդով կառուցելու է իր երազած հայրենիքը: Այդ գործընթացը սկսվել է, շարունակվելու և հասնելու է հաղթական ավարտի՝ ի հեճուկս ճգնաժամի բերած դժվարությունների:
Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին