Փաստահավաք խումբ. Հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների պատասխանատվությունը կրելու է իշխանություն
COVID-19 Հայաստան փաստահավաք խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի վարակիրների թվի սրընթաց աճ՝ 596 նոր վարակակիր՝ 167 դեպքով ավելi, քան նախորդող շաբաթ, վերջին 14 օրվա ընթացքում էլ գրանցվել է 13 կորոնավիրուսային մահ:
Հայաստանում կորոնավիրուսի կայծակնային տարածման պատճառն ի սկզբանե իշխանության անլուրջ, անփույթ և անպատասխանատու վերաբերմունքն էր, ապա արտակարգ դրություն մտցնելուց հետո, ապաշնորհ կառավարմամբ պայմանավորված, սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն սահմանելու անկարողությունն, ինչի հետևանքով ոչ միայն չկանխարգելվեց կորոնավիրուսի տարածումն, այլ հակառակն՝ ավելի լայն թափով տարածվեց:
Մոտ երկու ամիս տևած ձևական կարանտինի ընթացքում իշխանությունը չկարողացավ պատշաճ հսկողություն իրականացնել սահմանափակումների պահպանման նկատմամբ, չպահպանվեց ո՛չ մեկուսացման, ո՛չ ինքնամեկուսացման ռեժիմը՝ հանգեցնելով ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ առողջապահական լուրջ խնդիրների:
Կորոնավիրուսի լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի արդյունքում հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մանասյանը՝ առողջապահության նախարարությանը. «Էշով ման եկեք»
- Նունե Ներսիսյան. Սա տապալված առողջապահություն է ոչ նորմալ կազմակերպչի կողմից
- Գ.Գրիգորյան. Վարակակիրների ռեկորդային աճի համար առնվազն երեք անձ պետք է պատասխանատվության ենթարկվի